Լիտվա-Հայաստան հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են՝ ներառելով համագործակցության նոր ոլորտներ․ Գրիգորյան

Փետրվարի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի Արտաքին գործերի փոխնախարար Յոնաս Սուրվիլայի գլխավորած պատվիրակության հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ երկու երկրների հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են՝ ներառելով համագործակցության նոր ոլորտներ:

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը, որը ներառում է նաև համագործակցությունը Եվրոպական միության շրջանակներում։

Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը կարևորել է Լիտվայի կողմից ցուցաբերվող աջակցությունը Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը:

Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում