«Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցված է»,- այս մասին France24-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ եթե դատելու լինենք ՀԱՊԿ-ի կանոնադրությունով, Հայաստանն իր անդամակցությունը սառեցնելու դիմում չի ներկայացրել, Հայաստանի անդամակցությունը սառեցնելու որոշում ՀԱՊԿ մյուս անդամները չեն կայացրել, այսինքն՝ դե յուրե դա սառեցված չի, բայց վարչապետի գնահատականը վերաբերում է դե ֆակտո սառեցմանը։
«Այն առաջարկը, որը նրանք արեցին Հայաստանին, ներեցեք, նույնիսկ մեղմ է անբարոյականություն կոչել, որովհետև նրանք ասացին, որ լավագույն դեպքում, որ մենք կարող ենք անել այդ անորոշ գոտում, որտեղ սահման չկա, ՀԱՊԿ-ի խաղաղապահներ տեղակայելն է, ինչը Հայաստանին պետք չէր՝ հատկապես ունենալով ռուս խաղաղապահների տխուր փորձառությունը Արցախում։ Այս կտրվածքով Հայաստանը հետ կանչեց իր ներկայացուցչին, Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին, ՀԱՊԿ-ը օրակարգում փորձում է դնել Հայաստանին վերաբերող հարցեր, և Հայաստանը նրա այդ հարցը հետ է կանչում կամ պահանջում է հանել այդ հարցը։ Եվ սա է սառեցում կոչվածը»,- նկատեց Ստյոպա Սաֆարյանը։
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստան ժամանած Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ասել է, որ ՀՕՊ-ի հետ կապված, եթե Հայաստանը կարիք ունենա, ապա կարճ, միջին և այլ հեռահարությամբ հրթիռներ ևս կլինեն ձեր տրամադրության տակ, իսկ վարչապետի հետ հանդիպման ժամանակ վերջինս ասել է, որ Հայաստանի գլխին կախված սպառնալիքներն իրենց ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ։
Այս առնչությամբ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ սա նշանակում է՝ Ֆրանսիան նույնպես իրական է գնահատում Ադրբեջանի կողմից հարձակման վտանգը և համարում է, որ այն, ինչ որ նախատեսում էին անել ավելի երկար ժամանակում, հիմա ստիպված են անել կարճ ժամանակում՝ Հայաստանի պաշտպանության խնդիրը լուծելու համար։
«Սա նշանակում է, որ Գրանադայի հայտարարությամբ, ըստ էության, հանդես են եկել այն երկրները և այն կողմերը, որոնք ուզում են լինել Հայաստանի միջազգային անվտանգության երաշխավոր, և որոնք գտնում են, որ Հայաստանի հետ միասին պիտի կանխվի տարածաշրջանային նոր պատերազմը։ Ալիևն իրեն դիրքավորել է որպես այդ պատերազմում շահագրգիռ կողմ, եվրոպացիները հենց այդպես էլ կարդացել են նրա՝ չստորագրելու և Բրյուսել չգնալու, բանակցությունները չշարունակելու այս քայլերը։ Եվ եթե չորս կենտրոն՝ Երևանը, Բրյուսելը, Բեռլինը և Փարիզը, ասել է, որ պիտի պատերազմ չլինի, ապա կա 5-րդ կողմն ասում է, որ պատերազմ պիտի լինի, և տեսնում ենք, թե ինչպես է այդ կողմը պատերազմի պատրաստվում։ Եվ վարչապետն էլ France24-ին տված հարցազրույցում խոսել է այդ ռիսկի մասին, և այսօր Ֆրանսիայի պաշտպանության նախարարն էլ հենց այդ կոնտեքստում էր խոսում քայլերն արագացնելու մասին»,- ասաց քաղաքագետը։
Վերջինիս խոսքով՝ սա նշանակում է, որ հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանը միայնակ չի լինի, որովհետև այդ պատերազմը չի ընկալվում միայն Հայաստանի դեմ, և սա է, որ անհանգստացնում է Բաքվին, ոչ միայն ռազմական բալանսը վերականգնելու քայլերը, որից նա անհանգստանում և բողոքի նոտաներ է հղում Հնդկաստանի դեսպանին, Ֆրանսիայի դեսպանին, այլև որ այն պատերազմը, որն ինքը կսանձազերծի, չի լինի լոկալ։
Խոսելով նաև այն մասին, որ Ադրբեջանի խորհրդարանում կրկին սպառնացել են բացել «Զանգեզուրի միջանցքը», քաղաքագետն ասաց՝ սա նշանակում է, որ այնուամենայնիվ Ալիևը չի ուզում առերեսվել Մյունխենում իր ստացած ուղերձների հետ և դեռևս շարունակում է ոչ իր շուրթերով՝ ավելի ցածր մակարդակներով, հոխորտալ։ Քաղաքագետը չի բացառում, որ սա մասամբ ուղղված է Ադրբեջանի ներքին լսարանին։
Եվրոպական խորհրդարանը հաջորդ շաբաթ բանաձև կքննարկի Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ: Այս առնչությամբ էլ քաղաքագետն ասաց, որ, ըստ էության, Ռուսաստանի քայլերը Հայաստանի նկատմամբ և Ադրբեջանի քայլերը Հայաստանի նկատմամբ և Ադրբեջանի միջոցով Ռուսաստանի քայլերը Հայաստանի նկատմամբ, այս բոլորը բերել են այդ գործընթացների արագացմանը, և Հայաստանն ու Հայաստանի հետ համախոհ երկրները ստիպված են արագացնել այս քայլերը։
Լիլիթ Թադևոսյան
