3 տարի առաջ վրաերթի ենթարկված 18-ամյա Գևորգի բուժումը «Զինվпրի տանը» շարունակելու համար անհրաժեշտ է 3 մլն դրամ. ընտանիքը օգնության կարիք ունի

Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Արևաշող գյուղի պատանի 18-ամյա Գևորգը 3 տարի առաջ վրաերթի է ենթարկվել, որից հետո ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Հարվածից երեխայի մոտ գլխուղեղի սալջարդ է ախտորոշվել, և ունեցել է արյան զեղում։ Բժիշկների որոշմամբ հեռացվել է երեխայի գլխի ոսկորը։ Դեպքից 1 տարի 8 ամիս անց տեղադրվել է գլխի ոսկորը, սակայն տղայի օրգանիզմը չի ընդունել և  այն քայքայվել ու բորբոքվել է և անհրաժեշտ է եղել կրկին հեռացնել։ Մեզ հետ զրույցում Գևորգի մայրը՝ Լուսինեն ասաց, որ երեխան տասից ավելի վիրահատություններ է տարել։Վերջին հույսը տիտանն է, որը պետք է տեղադրվի ոսկորի փոխարեն․ «Բժիշկներն ասել են, որ իրան պետք է նյարդաբանի ու վերականգնողական կենտրոնի բուժում, մենք եղել ենք Նորագյուղի մանկական վերականգնողական կենտրոնում, նրա հետ ահագին աշխատեցին, ահագին առաջընթաց ունեցանք։ Հիմա պետք է տանենք «Զինվորի տուն», որ շուտափույթ ապաքինվի։ Մենք ունենք 300 հազար  դրամ,  էնդեղ մնալու համար պետք է 3 մլն դրամ, քանի որ ամիս ու կես պետք է մնանք, իսկ օրը 65 հազար դրամ է»։

Լուսինեն նշեց, որ երեխան սնվում է գաստրոստոմայի միջոցով , այսինքն՝ կերակուրը լցվում է ուղիղ ստամոքս։ Բացի այդ, կոկորդին տեղադրված է ներշնչառական խուղակ (ստոմա), որի միջոցով կատարվում է շնչառությունը, իսկ կոնտակտի մեջ է մտնում աչքերով։
«Մինչև էսօր վիրահատական ծախսերը կարողացել ենք հոգալ մեր հարազատների, բարերարների և  վրաերթի ենթարկողի օգնությամբ։ Մենք ոչ մի բողոք չենք գրել, քանի որ, եթե իրանք իրանց պատիժն առնեն, մենք ի՞նչ պետք ա շահենք, ոչ մի բան։ Մեր պայմաններն էլ էն չի եղել, նոր պետությունը մեզ համար տուն ա սարքել, բայց չունենք ջեռուցում, մի կերպ ենք պլիտայով տաքացնում, որ գոնե երեխուն կարողանանք պահենք»,- հավելեց տիկին Լուսինեն։

Նա նաև ասաց, որ բացի Գևորգից ունի ևս 2 երեխա՝ 15 տարեկան տղան և 10 տարեկան աղջիկ։

Գևորգին օգնելու համար կարող եք փոխանցումներ կատարել նրա հայրիկի՝ Գևորգյան Գևորգի անունով «Ակբա բանկ» ԲԲԸ-ում բացված հետևյալ հաշվեհամարներին՝
ՀՀ դրամ — 220131591764000
ԱՄՆ դոլար — 220131590188001
Եվրո — 220131590063002
ՌԴ ռուբլի — 220131590063958
Կարող եք նաև կապ հաստատել երեխայի ծնողների հետ հետևյալ հեռախոսահամարներով   +374 94 51 72 32 (Գևորգ) և  +374 94 38 33 48 (Լուսինե)։

Կիսվել սոց․ ցանցերում