Հայաստանի համար քաղաքակիրթ աշխարհում սեղան և այդ սեղանի շուրջ պատվարժան տեղ է պատրաստվում

Վոլֆգանգ Իշինգերը տարիներ ի վեր եղել է Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավարը, ավելի վաղ ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանը: Նա այսօր էլ շարունակում է կարևոր դերակատար մնալ և չափազանց մեծ հարգանք է վայելում համաշխարհային ներկա և նախկին առաջնորդների շրջանում: Նրա հետ ունեցած հանդիպումը, քննարկումը չափազանց կարևոր եմ համարում:
Ըստ փորձառու դիվանագետի, Ուկրաինայում պատերազմը աշխարհի բոլոր երկրներին դրել է ընտրության առաջ՝ դու կամ միջազգային կարգ, իրավունք չճանաչող ցեղասպան հրեշի հետ ես կամ քաղաքակիրթ աշխարհի և մարդկության:
Իշինգերը համոզված է, որ 2020-ի պատերազմից հետո Հայաստանը միայն հիմա է հասկացել, որ պետք է հստակեցնի իր քաղաքակրթական պատկանելության հարցը և Արևմուտքը միայն հիմա սկսել է հավատալ Եվրամիության հետ համատեղ ապագա կառուցելու Հայաստանի անկեղծ ցանկությանը և հիմա մեր երկրի համար տեղ է պատրաստում քաղաքակիրթ երկրների սեղանի շուրջ:
Հավաքական Արևմուտքը գնալով ավելի մեծ կարևորություն է պատրաստ տալ Հայաստանին՝ հաշվի առնելով ընդհանուր քրիստոնեական, լեզվական, պատմական, մշակութային ակունքները: Նոր աշխարհի ինքնության մեջ Հայաստանին անուրանալի դեր է վերապահված: Շատերին թվում է Հայաստանին պատմականորեն միմյանց կապում է միայն Ֆրանսիան: Ապշել կարելի է, թե ինչպիսի պատմական խորք և մասշտաբ ունեն օրինակ հայ-գերմանական, հայ-լեհական առնչությունները:
Բայց ավելի կարևոր է, որ Հայաստանը ահռելի աշխարհաքաղաքական կարևորություն և արժեք է ստացել ժողովրդավարական, արժեքային պատկանելության և աշխարհագրական/խաչմերուկային դիրքի պատճառով :
Մի խոսքով, Հայաստանի համար քաղաքակիրթ աշխարհում սեղան և այդ սեղանի շուրջ պատվարժան տեղ է պատրաստվում:
Հարց է՝ Հայաստանը, իր հատկապես ներքին որակներով կամ անորակությամբ, պատրաստ կլինի՞ այդ տեղը իր համար երկարաժամկետ հեռանկարի համար ամրագրել:
Կիսվել սոց․ ցանցերում