Ես ինձ պատկերացնում եմ այնտեղ, որտեղ պետք է լինեն բոլոր նախարարները՝ «հայաստանամետ»․ Պապոյան

«Ըստ էության՝ ԱԺ-ում ունեմ անելիք, բայց քաղաքական թիմը որոշել է, որ իմ պետական ծառայությունն այս փուլում պետք է իրականացնեմ՝ որպես էկոնոմիկայի նախարար, ես այդ որոշումը ընդունել եմ ի գիտություն»։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ նախարարի պաշտոնի համար քննարկվել են մի քանի տարբերակներ և նման որոշում է կայացվել։

«Պետական կառավարման համակարգը գրավիչ չէ, այսպես ձևակերպեմ․ այն աշխատավարձը, որը ստանում է նախարարը, միջին կազմակերպության ղեկավարը կամ միջինից մի փոքր մակարդակի մենեջեռը ստանում է էդպիսի աշխատավարձ։ Դրա համար էլ գրավիչ չէ։ Փորձագետից սկսած մինչև բարձր պաշտոններում պետական կառավարման համակրագում, եթե գրավիչ է, գնանք հարցնենք որևէ կազմակերպության ղեկավարին, տեսենենք՝ ինքը կգա՞ կաշխատի նախարար, թե՝ ո՞չ։ Պետական ծառայությունը դա հատուկ ծառայություն է, և ես բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, որոնք կարող են լինել շատ լավ նախարար, բայց չեն գա»։

Ըստ նրա՝ նախարարությունը ամենամեծ համակարգերից մեկն է, շատ դժվար․ «Մենք գործ ունենք տնտեսության, տարբեր ոլորտների հետ, բազմաթիվ խնդիրներ կան, աշխարհաքաղաքական զարգացումներ կան, որոնք իրենց ազդեցությունը չեն կարող չունենալ»։

Հարցին, թե շատերը նախկին նախարար Վահան Քերոբյանին համարում էին ռուսամետ, Պապոյանը նկատեց՝  «Ես ինձ պատկերացնում եմ այնտեղ, որտեղ պետք է լինեն բոլոր նախարարները՝ հայաստանամետ»։

Կիսվել սոց․ ցանցերում