ԼՂ-ից բռ նի տեղшհшնված անձանց աջակցության մի շարք ծրագրեր կշարունակվեն. փոխվարչապետը մանրամասներ հայտնեց

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքով ռեեստրում հաշվառված 115 հազար քաղաքացիներից 113 հազարն արդեն ստացել է 100 հազարական դրամ օժանդակությունը։

Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում՝ նշելով, որ  ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ամենաերկարատև ծրագիրը կեցության աջակցության ծրագիրն էր, որը դեռևս շարունակվում է, այն սկսվել է հոկտեմբերին, ավարտվելու է մարտին, բայց ունենալու է դեռ շարունակություն։

«Մյուս ծրագրերը՝ 100 հազար դրամների աջակցության, 40+10 հազար դրամների մասով ավարտվել է, 113 հազար մարդ ստացել է 100 հազարական դրամները։ Հաշվառված անձանց թիվը մենք արձանագրել ենք անցման օրերին, իհարկե այդ թիվը կարող է որոշակի փոփոխություններ կրել՝ հաշվի առնելով, որ կային մարդիկ, որոնք սեպտեմբերի 25-ից առաջ էին եկել Հայաստան։

Կան մարդիկ, որոնք դիմած են եղել, այդ դիմումները չեն բավարարվել՝ Հայաստանում չգտնվելու հիմքով, հիմա որոշները դա վիճարկում են, և եթե որոշակի հիմքեր ներկայացվեն, մեր մոտավոր հաշվարկներով մոտ 900 հոգի ևս կստանա 100 հազար դրամ աջակցություն»,-նշեց փոխվարչապետը։

Ամփոփելով, նա հավելեց, որ 100 հազար դրամների աջակցության ծրագիրն ընդհանուր առմամբ ավարտված է, կան որոշակի պարզելու դեպքեր, որոնք առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում իրենց պատասխանները կստանան։

«40+10 հազար դրամների ծրագիրը դեռևս շարունակվում է՝, ավարտվելու է մարտին, այստեղ ևս ունենք զգալի ցուցանիշ՝ 96 հազար մարդ է եղել հունվարի շահառու։ Այս թիվը առաջին ծրագրի շահառուներից տարբերվում է այն պատճառով, որ  ծրագրից չեն օգտվում Հայաստանում բնակարան ունեցողները, քանզի այս ծրագիրը վերաբերում էր բնակարանային վարձավճարների հոգսը կիսելուն»,-եզրափակեց փոխվարչապետը:

Կիսվել սոց․ ցանցերում