ՆԳՆ-ն թույլատրում է ոստիկաններին խախտել ՃԵԿ բոլոր կանոնները

Ոստիկանության բարեփոխումները վերահսկելու շրջանակներում շարունակաբար ականատես ենք լինում ՆԳՆ համակարգի կողմից ոստիկանության ծառայողների կատարած խախտումների հանդեպ լիակատար անտարբերությանը և ներողամտությանը։

Այս միտումը ստուգելու համար հարցում էինք ուղարկել Ներքին գործերի նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե 2023 թ.-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ոստիկանությանը պատկանող քանի՞ մեքենայի վերաբերյալ է խախտում արձանագրվել արագաչափերի և խաչմերուկները վերահսկող տեսախցիկների միջոցով։

Ըստ հարցման պատասխանի, նշված ժամանակահատվածում ոստիկանական տրանսպորտային միջոցների վերաբերյալ ընդհանուր առմամբ արձանագրվել են 305 խախտման դեպքեր (այստեղ ներառված չեն առկայծող փարոսիկներով կահավորված, օրինակ` պարեկային ծառայության մեքենաները)։

Լրացուցիչ հարցմանը, թե այս 305 դեպքերից քանիսո՞վ են ծառայողները կարգապահական պատասխանատվության ենթարկվել (ծառայողական քննություններ են անցկացվել), պատասխան ենք ստացել միայն, որ տվյալ խախտումները կատարվել են «ծառայողական անհրաժեշտությունից» ելնելով և քննություն անցկացնելու անհրաժեշտություն անգամ չի առաջացել։

Քանի որ այս բոլոր խախտումները, ըստ ՆԳՆ-ի, ծառայողական անհրաժեշտությամբ են պայմանավորված եղել, ուրեմն՝ ոստիկանությունը, ենթադրաբար, պետք է որ բացատրություն վերցրած լիներ համապատասխան տրանսպորտային միջոցը վարած ծառայողներից՝ ծառայողական անհրաժեշտության փաստը պարզելու համար։

Այս մասին նույնպես հարցում արեցինք, և պարզվեց՝ քանի որ դեպքերով ծառայողական քննություն չի իրականացվել, հետևաբար՝ նաև բացատրություն չի վերցվել ծառայողներից։

Սակայն հետաքրքիր է՝ եթե ո՛չ ծառայողական քննություն է իրականացվել, ո՛չ բացատրություն է պահանջվել նշված խախտումների համար, ապա ինչպե՞ս է պարզվել, որ այսքան դեպքերը պայմանավորված են եղել ծառայողական անհրաժեշտությամբ։

Այս մասին ևս մեկ հարցում ուղարկելով՝ ոստիկանությունից ստացանք միայն հերթական խուսափողական պատասխանը, թե խախտումների վերաբերյալ իրականացվել են ինչ-որ «ուսումնասիրման աշխատանքներ, ստուգողական գործողություններ»։ Սակայն թե ինչպե՞ս, ի՞նչ հիմքով և ո՞ւմ կողմից են այս դեպքերը «ծառայողական անհրաժեշտություն» որակվել և այդ ի՞նչ ուսումնասիրություններով է դա պարզվել՝  այդպես էլ չիմացանք։

 

Ամբողջական նյութը՝

ՆԳՆ-ն թույլատրում է ոստիկաններին խախտել ՃԵԿ բոլոր կանոնները

Կիսվել սոց․ ցանցերում