ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու անգամ շփոթել է Գազայի հատվածն ու Ուկրաինան՝ խոսելով տարածաշրջան հումանիտար օգնություն ուղարկելու մասին։ Դա տեղի է ունեցել պետության ղեկավարի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպման ժամանակ, գրում է New York Post-ը։
«Առաջիկա օրերին մենք մտադիր ենք միանալ մեր ընկերներին Հորդանանում և այլ երկրներում՝ լրացուցիչ սննդամթերք և պաշարներ ուղարկելու համար Ուկրաինա (իրականում՝ Գազա -խմբ.) և կձգտենք շարունակել բացել այլ ուղիներ դեպի Ուկրաինա (իրականում՝ Գազա -խմբ.), ներառյալ ծովային միջանցքի ստեղծման հնարավորությունը՝ մարդասիրական օգնության մեծ ծավալներ մատակարարելու համար»,- ասել է Բայդենը։
Նախագահն ավելի ուշ հասկացրել է, որ նկատի ուներ Գազայի հատվածը՝ չմատնանշելով կոնկրետ տեղանունը, փոխանցում է New York Post-ը։ Այնուհետև նա ավելացրել է, որ Գազա եկող օգնությունը հեռու է բավարար լինելուց:
ԱՄՆ նախագահն իր ելույթներում բազմիցս սխալներ է արել: Վերջին անգամ դա եղել էր փետրվարի 7-ին, երբ Մանհեթենում դրամահավաքի ժամանակ Բայդենը խոսել էր 2021 թվականին Գերմանիայի կանցլերի հետ հանդիպման մասին՝ նրան անվանելով Հելմուտ Կոլ, որը մահացել է 2017 թվականի հունիսին։ 2021 թվականին Գերմանիայի կառավարությունը գլխավորում էր Անգելա Մերկելը։
«Եվ հետո Հելմուտ Կոլը շրջվեց դեպի ինձ և ասաց. «Ի՞նչ կասեք, պարոն նախագահ, եթե վերցնեիք London Times-ը և իմանաք, որ հազար մարդ ջարդել է բրիտանական խորհրդարանի դռները…»,- ասել էր Բայդենը՝ կրկնելով պատմությունը երկու անգամ և երկու անգամ էլ Հելմուտ Կոլին անվանելով կանցլեր:
