Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և հետևություններ կանի սեփական գործնական քայլերը պլանավորելիս, Անթալիայի դիվանագիտական ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ի՞նչ քայլերի կարող է դիմել Ռուսաստանը։
Ըստ «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանի՝ ՌԴ-ի ձեռքում Հայաստանի դեմ շատ գործիքներ չեն մնացել։ Այդպիսի գործիք եղել է Ադրբեջանը, որին Ռուսաստանը առանց այս հայտարարությունների էլ օգտագործել է։
«Որ հիմա ռուսական կողմը հայտարարություններ է անում՝ ցույց է տալիս, որ այդ գործիքը չի գործում, քանի որ Արևմուտքն է ճնշումներ գործադրում Ալիևի վրա։ Ռուսաստանի ձեռքում մնում են տնտեսական պատժամիջոցները»,- ասաց Խուրշուդյանը, միաժամանակ նկատեց, որ այդ պատժամիջոցները կիրառել Ռուսաստանը ևս առանձնապես չի կարող, քանի որ ինքը ևս մեծ վնասներ կկրի, որովհետև այսօր Հայաստանի միջոցով Ռուսաստանը այնպիսի ապրանքներ է ստանում, որոնք չի կարող այլ կողմերից ստանալ, և խոսքը սանկցիոն ապրանքների մասին չէ։
Խուրշուդյանը նկատեց նաև, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը նվազել է, և Հայաստանին այլընտրանքներ Ռուսաստանը քիչ ունի. խոսքը տարեկան 7 մլրդ դոլարի առևտրաշրջանառության մասին է՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև։
Լավրովը ՀՀ իշխանությունների հայտարարությունները քաղաքական խիզախություն էր որակել՝ ըստ էության որոշ հայտարարություններ արկածախնդրություն համարելով։ Ռուսաստանի այսպիսի դիրքորոշման դեպքում ի՞նչ քայլեր կարող են հետևել դրան։
Հովսեփ Խուրշուդյանը համոզված է՝ ՌԴ սպառնալիքները իրենց տակ հիմքեր չունեն։ «Այն, ինչ Ռուսաստանը կարող էր անել մեկ տարի առաջ, երկու տարի առաջ, հիմա չի կարող անել։ Մի քանի ամիս անց ավելի քիչ է կարողանալու անել»։
Հայաստանը Ռուսաստանի համար այս տարածաշրջանում կենսական նշանակություն ունի, սակայն դրա մասին Ռուսաստանում, ըստ Խուրշուդյանի, մոռացել էին, երբ Ադրբեջանին էին հանձնում Արցախն ու հայաթափում այն։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Անթալիայում խոսել էր նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից՝ նշելով, որ այն կարող է տեղի ունենալ եռակողմ հայտարարությունների հիման վրա։ Արձագանքելով Լավրովի այս հայտարարությանը՝ Խուրշուդյան ասաց. «Հրաշալի է, որ նա է դա հիշեցնում, որովհետև իրենք այդ եռակողմ հայտարարությամբ պետք է վերականգնեն Արցախի սուբյեկտայնությունը, բնակչության վերադարձը պետք է ապահովեն, Լաչինի միջանցի անվտանգ երթևեկությունը պետք է ապահովեն և այլն։ Այ հենց այդ ամբողջը ապահովեն՝ կմտածենք այդ հայտարարության մյուս կետերի մասին»։
