Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայում տեղի գործարարների հետ հանդիպմանը իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին:
Վերջինս գործարարներին ներկայացրել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում բավականին մեծ աշխուժություն կա և այն տնտեսության հիմնական ճյուղերից է:
«Չեմ կարող չնշել մեր տնտեսության հաջորդ կարևորագույն ճյուղը, որը վերջին տարիներին տպավորիչ զարգացում է ցույց տալիս: Խոսքը ֆինանսական հատվածի մասին է: Բանկային համակարգը Հայաստանի Հանրապետությունում ցույց է տալիս էական զարգացումներ և այն և՛ կորոնավիրուսի, և 2020 թվականի պատերազմի ընթացքում ցույց է տվել իր հուսալիությունը:
Մենք, իհարկե, ցանկանում ենք այնպես անել, որ գործարարը բիզնես անելիս խոչընդոտների չհանդիպի, և հետևողական բարեփոխումներն ուղղված են դրան»,- նշել է վարչապետը:
Ըստ նրա՝ Կառավարության նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ու արտադրություն ունեցող երկիր, որի հիմնական կարգախոսը գիտելիքն է, գիտելիքահենք տնտեսությունը, գիտելիքահենք կառավարումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս գիտելիքահենք կառավարումը պիտի ստեղծի մի դաշտ, որտեղ ներդրողները վստահ կարող են ներդրումներ անել, որտեղ ներդրողները կարող են վստահ լինել, որ իրենց օրինական, արդար աշխատանքի միջոցով կարող են հարստանալ և հարստացնել Հայաստանի Հանրապետությունը։
