Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված ամենախիստ խափանման միջոց կալանքը եղել է ոչ իրավաչափ. փաստաբան

Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը, քննելով «Սիներջի» ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի իրավաչափության հարցը, արձանագրել է իրավունքի խախտում։

Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Մասնավորապես՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը արձանագրել է, որ ի սկզբանե Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված ամենախիստ խափանման միջոց կալանքը եղել է ոչ իրավաչափ, և ստորադաս ատյանը հաշվի չի առել բազմաթիվ հակակշռող գործոններ, որոնց թվում հատուկ դեր ունի Լիլի Մկրյանի ընտանեկան կարգավիճակը, այն է՝ մայրական կաթով սնվող երկու տարեկան երեխայի հանգամանքը։ Ուստի արձանագրել է, որ կիրառված կալանքը չի եղել համաչափ»,- մանրամասնել է նա։

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, ինչպես նաև Լլի Մկրյանը, երկու ամսով կալանավորվել էին: Գործը կապված է նրանց՝ «Սիներջի» ընկերությունում աշխատանքի հետ։ Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ:

Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ, առևտրային կազմակերպության աշխատակիցներ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:

«Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա. Գ.-ի և Լ. Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա. Գ.-ի և Լ. Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն»,- ասվում էր հայտարարության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում