Մпսկվան ստում է. Հայաստանը նման որոշումների գնաց, որովհետև ՌԴ-ն չվերանայեց և հարգանքով չվերաբերվեց ՀՀ ինքնիշխանությանը

 

Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար  Արմեն Գրիգորյանը ճեպազրուցի ժամանակ ասել էր՝ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայությունը իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը։ Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում ունի և այդ հստակ դիրքորոշման մասին Ռուսաստանի Դաշնությանը տեղյակ պահել է պաշտոնական նամակով։
Մինչդեռ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե պաշտոնական ուղիներով իրենց չեն հայտնել «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին։

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ Մոսկվայի մոտ ավանդույթ է դառնում Հայաստանից ուղարկված պաշտոնական գրությունները չստանալը, որովհետև այդպիսի միջադեպ էլ եղել էր 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո. Հայաստանը 4-րդ հոդվածի կիրառման խնդրանքով դիմել էր ՀԱՊԿ-ին և նաև հայ-ռուսական երկկողմ ռազմավարական դաշնակցային մեխանիզմների գործարկման համար էր դիմել, էլի նույն բանը պատահեց՝ Լավրովը հայտարարեց, որ Երևանից նամակը չեն ստացել, նույնիսկ չորս ամիս անց։

Քաղաքագետի խոսքով՝ հիմա նույն բանն է տեղի ունենում, ըստ որում՝ ԱԽ քարտուղարը հստակ հակադրվել է՝ առանց Մոսկվային մեղադրելու ստախոսության մեջ, հայտարարել է, որ պաշտոնական նամակով Երևանը տեղյակ է պահել Ռուսաստանին, որ ինքը կարող է իր սահմանների վերահսկողությունն իրականացնել միայնակ։

Այնուհետև Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ այս ամենի մեջ պետք է նախապատմությունը ներկայացնել, և ասաց հետևյալը. «Իրականում կա նախապատմություն, և ես կարծում եմ, որ պաշտոնական Երևանը խնայում է Մոսկվային՝ չբարձրաձայնելով այդ պատմությունը։ Խոսքը վերաբերում էր հայտնի անձի ձերբակալությանը Գյումրիում՝ ռուսական ռազմական բազայի ներկայացուցիչների կողմից, և այդ միջադեպը բավականին մեծ ստվեր է գցել Հայաստանի միջազգային հեղինակության վրա։ «Զվարթնոց» օդանավակայանից ակնհայտորեն տվյալներ էին փոխանցվել ռուսական ռազմական բազային՝ անձի տեղաշարժի վերաբերյալ, ինչի իրավունքը նրանք պարզապես չունեին։ Եվ այս միջադեպը կոնկրետ անձի ճակատագրի մասին չէր միայն։ Սա երկրի ինքնիշխանության, ինքնիշխան եղանակով իր սահմանները վերահսկելու կարողության և նաև դիվերսիֆիկացված հարաբերություններ ունենալու մասին է»։

Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ այդ միջադեպը սադրելով, այդ միջադեպը հրահրելով՝ ռուս սահմանապահներն ուղղակի ուզեցել են, որ ԵՄ երկրները հետ կանգնեն Հայաստանի հետ վիզաները հանելու գաղափարից։

Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան 

Կիսվել սոց․ ցանցերում