ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում իր ելույթի ժամանակ հաստատել է, որ Ուկրաինան դեռ չի խնդրում իրեն ամերիկացի զինվորներ ուղարկել, այլ միայն զենքի լրացուցիչ մատակարարումների կարիք ունի։
«Նրանք ամերիկացի զինվորներ չեն խնդրում, իրականում ուկրաինական պատերազմում ամերիկացի զինվորներ չկան, և ես հանձնառու եմ պահպանել այդ սկզբունքը»,- ասել է նա։
Բայդենը նշել է, որ Կիևը միայն զենքի մատակարարումն է պահանջում։
ԱՄՆ նախագահը առիթը բաց չի թողել իր նախորդին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին կշտամբելու այն բանի համար, որ, ըստ Բայդենի, նա «խոնարհվել է» Ռուսաստանի ղեկավարության առաջ՝ խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին։
«Կարծում եմ, որ դա վրդովեցուցիչ է, վտանգավոր և անընդունելի»,- ասել է Բայդենը՝ մեկնաբանելով իր քաղաքական հակառակորդի խոսքերը։
Կոնգրեսը, ելնելով Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնության դիրքորոշմամբ, դեռ չի աջակցել վարչակազմի խնդրանքին՝ Կիևին ևս 60 միլիարդ դոլար հատկացնելու մասին:
