Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Գիորգի Կաջայային նշանակել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով նոր խորհրդական։
Իր որոշման մասին Կոբախիձեն հայտարարել է ճեպազրույցում։
«Պարոն Գեորգի Կաջայան նշանակվել է վարչապետի խորհրդական Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով»,- ասել է Վրաստանի վարչապետը։ Նա նաև հայտնել է, որ Զուրաբ Աբաշիձեն, որը եղել է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչը, դարձել է կառավարության ղեկավարի խորհրդական։
Նախկինում Կաջայան աշխատել է Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատան վրացական շահերի բաժնի ղեկավար։ Ինչպես մարտի 9-ին հայտնել է Ռուսաստանի վրացական համայնքը, նրան փոխարինել է Մամուկա Մերկվիլաձեն, ով արդեն ժամանել էր Մոսկվա։
Զուրաբ Աբաշիձեն Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել 2012 թվականին, երբ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում իշխանության էր եկել «Վրացական երազանք» կուսակցությունը։
