Բացառում եմ որևէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում․ Վաղարշակ Հակոբյանը՝ Բшքվի պահանջների մասին

«Բանակցային պրոցեսի գործընթացի փուլում բազմաթիվ անգամներ ականատես ենք եղել, երբ մեր որոշ գործընկերներ գնահատականներ են հնչեցրել, որը կա՛մ կիսատ է եղել, կա՛մ չի համապատասխանել իրականությանը, կա՛մ պարունակել է ապակառուցողական տարր»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով Տավուշի 4 գյուղերը «անհապաղ ազատելու» Ադրբեջանի պահանջին։

«Այդ իսկ պատճառով կխնդրեմ, որպեսզի սպասենք իրավիճակի ամբողջական ներկայացմանը։ Այն, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն սահմանագծման ու սահմանազատման գործողություն, անվիճարկելի է, այն, որ մենք գնում ենք այդ գործողությանը, ևս անվիճարկելի է, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, դա ևս անվիճարկելի է։ Այն, որ այս պրոցեսում մեզ փորձելու են սադրել, փորձել մեզնից ստանալ անկայունություն, սա ևս նոր բան չէ։ Այն որ տարբեր ուժային կենտրոններ կարող են շահագրգռված չլինել, որ ՀՀ-ն կարգավորի իր անվտանգային հարցերը, սա ևս նորություն չէ, բայց խնդրում ենք, որ սառնասիրտ գնահատենք իրավիճակը, և իրավիճակի մասին խոսենք, քան թե մեկնաբանենք ինչ-որ հայտարարություններ»,- ասաց Հակոբյանը։

Հարցին հնարավո՞ր է, որ սահմանազատման գործընթացը սկսվի 4 գյուղերը «հանձելուց հետո», պատգամավորը պատասխանեց․

«Կարծում եմ, որ ցանկացած գործընթաց պետք է լինի տրամաբանության մեջ, և ցանկացած գործընթաց, որին կհամաձայնի ՀՀ-ն, պետք է բխի ՀՀ շահերից։ Սահմանագծման ու սահմանազատման գործընթացի ժամանակ ոչ միայն մեր պարագայում, այլև ամբողջ աշխարհում որոշ տարածքներ առաջ են գնում, որոշները հետ են գալիս, սա բնական գործընթաց է։ Այլ բան է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ՀՀ պետական շահը այս պրոցեսի արդյունավետ լինի։ Կարծում եմ, որ ունենք դրա բոլոր հնարավորությունները։ Ես բացառում եմ որևէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում ու որևէ գործողություն, որը չի բխում ՀՀ շահից»։

Կիսվել սոց․ ցանցերում