Մենք ունենք իրավիճակ, երբ ամեն տարի մեր արտահանումը ԵԱՏՄ երկրների հետ տասնյակ տոկոսներով աճում է. սա բավականին դրական դինամիկա է։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
«Բայց մենք ունենք իրավիճակ, որ մեր արտահանման մի զգալի մասն էլ գնում է Եվրոպա: Շատ կարևոր է, որ մենք խորացնենք մեր համագործակցությունը թե՛ եվրոպացի մեր գործընկերների հետ, թե՛ ԵԱՏՄ անդամ մեր գործընկերների հետ: Բայց մենք մինչեւ հիմա ԵԱՏՄ մաքսային միության անդամ ենք եւ պետք է իրավիճակները գնահատենք այս ռակուրսից: Ես կարծում եմ՝ մենք կարող ենք ավելի շատ դիվիդենտներ ունենալ եվրոպացի մեր գործընկերների հետ համագործակցությունից, քան ունենք մինչեւ հիմա: Ես չափազանց կարեւոր եմ համարում այն մոտեցումը, որ ունի Հայաստանը: Մենք պետք է մեր հաշվարկներում ճիշտ լինենք, շատ երկար ու լուրջ ուսումնասիրենք մեր հնարավորությունները նաեւ արտահանման մասով:
Եթե ինչ-որ տեղ ունենք թերություններ, որը մեզ խանգարում է ավելի լայն ներգրավվածություն ունենալ այդ շուկաներում, մենք պետք է դրանք շտկենք: Կտրուկի հարց չկա, մենք իրականացնում ենք այն գործողությունները, որոնք նպաստ են բերելու Հայաստանին նաեւ տնտեսական մասով»,- ասաց պատգամավորը:
Միևնույն ժամանակ վերջինս նկատեց․ «Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, վերջին մի քանի տարիներին հսկայական տնտեսական աճ է ունեցել մեր արտահանումները անգամներով ավելացել են: Մենք տարբեր երկրներից ձեռք ենք բերել ռազմական անվտանգային միջոցներ: Մենք շատ լավ համագործակցություն ունենք այն երկրների հետ, որոնք ոչ ԵԱՏՄ-ում են, ոչ եվրոպական բլոկում են, եւ հակադրել Հայաստանի պետական շահը և այդ շահից բխող գործողություն, որը միտված է մեր անվտանգության բարձրացմանը, որեւէ այլ երկրի պետական շահի հետ, ես սա չեմ համարում ճիշտ իրավիճակային գնահատական»:
