Առնվազն ես չգիտեի Էդմոն Մարուքյանի հետ որևէ տարաձայնության մասին:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ,
«Առնվազն երեք տարի նա Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ պաշտոն է զբաղեցրել, և այդ ընթացքում ես չեմ լսել, որ խոսի տարաձայնությունների մասին: Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ հանգամանքներում է նա ազատվել կամ հեռացվել աշխատանքից, չունեմ ինֆորմացիա: Ես չեմ լսել որեւէ տարաձայնության մասին և չեմ կարող մեկնաբանել մի բան, որը չգիտեմ»,-ասաց Հակոբյանը:
Ըստ պատգամավորի՝ միգուցե Էդմոն Մարուքյանը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին. «Ես շատ նորմալ եմ սա գնահատում, պետք է հիշենք, որ Մարուքյանի ղեկավարության ներքո 2018 թվականին խորհրդարանում կային շուրջ 20 պատգամավորներ: Ես որևէ բացասական բան չեմ տեսնում, մարդը միգուցե որոշել է մասնակցել ընտրություններին և, իհարկե, պետք է քաղաքական գործունեություն ծավալի: Եթե պաշտոն զբաղեցնելուց հետո է նա հասկացել, որ տարաձայնություններ կան, ապա ես սա քաղաքական գործունեության մեկնարկ եմ համարում: Դրական եմ վերաբերվում ցանկացած մարդու քաղաքական գործունեության մեկնարկին, ինչո՞ւ մեկնարկ, որովհետև կարծում եմ՝ մեր գործընկերները, ովքեր պատրաստվում են մասնակցել ընտրություններին, շատ նորմալ է, որ նրանք հանդես գան քաղաքական հայտարարություններով»:
Էդմոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2022 թվականի մարտի 14-ին:
Վերջինս փետրվարի 29-ին հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում:
Մարուքյանը իր որոշումը հիմնավորել էր արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ իշխանությունների հետ տեսլականների տարբերություններով։
Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ փետրվարի 4-ի որոշմամբ՝ Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:
