Մարտի 11-ի դրությամբ կարմրուկի 135 դեպք է գրանցվել Հայաստանում

2024 թվականի մարտի 11-ի դրությամբ, կարմրուկի 135 դեպք է գրանցվել Հայաստանում:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կարմրուկի դեպքերի աճը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում սկսվել է 2023 թվականից և շարունակվում է նաև այս տարի: Կարմրուկը մանկական անվնաս հիվանդություն չէ, այլ խիստ վարակիչ հիվանդություն, որը շատ արագ տարածվում է չպատվաստված անձանց շրջանում:

Կարմրուկով վարակված յուրաքանչյուր հինգերորդ երեխան (20%) կարիք է ունենում հիվանդանոցային բուժման:

Նախարարությունը հիշեցնում է, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հայաստանի Հանրապետությունում պատվաստումների ազգային օրացույցի համաձայն իրականացվում է կարմրուկի երկու դեղաչափ պատվաստում.

1-ին դեղաչափը` 1 տարեկանում,

2-րդ դեղաչափը` 4-6 տարեկանում:

Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով:

Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:

Կիսվել սոց․ ցանցերում