Տարվա մեջ այս օրը` մարտի 13-ին, համացանցը հեղեղված է լինում Եղիշե Չարենցի բանաստեղծություններից առատ մեջբերումներով: Չարենցասերների պակաս, թվում է, չկա մեր երկրում: Չարենցին ամեն անգամ հիշում եւ մեծարում են նրա ծննդյան օրը: Դժվար է ասելը, թե ինչպես կվարվեին նրա հետ, ինչ ճակատագրի կարժանանար բանաստեղծը, եթե ապրեր մեր օրերում, մեր ժամանակներում, «Երկիր Նաիրի» վեպն ու իր այլ ստեղծագործություններ գրեր հիմա, երբ նրա պատկերած հերոսների պակասը չունենք: Նրանք ամենուր են, ամեն պահ են հիշեցնում իրենց մասին` հավաստելով, որ 20-րդ դարասկզբից առ այսօր շատ բան չի փոխվել, եւ պատմությունն իր դաժան շրջապտույտն է կատարում հենց նրա’նց պատճառով:
«Վաղուց հետե մեր գրականության, մանավանդ բանաստեղծության մեջ չկա’ մի բառ, որ ավելի հոլովվեր, քան «Նաիրի» գոյականը, բայց, չնայած դրան, մինչեւ իմ սույն այս պոեմանման վեպը, մեր լեզվագիտության ամուլ անդաստանում չէր ճարվում եւ ոչ մի Մանուկ Աբեղյան, որ զբաղվեր այդ չամիչի պես գործածական դարձած բառի քերականական կազմությամբ,- եւ ես, նույն հարգելի Հաջու տերմինով ասած` «քամի կուլ տվող» նվաստս էի, որ առաջին անգամ զբաղվեցի այդ քերականական հարցով եւ գլխի ընկա, որ «Նաիրի » բառը ոչ թե գոյական է, այլ-եթե միայն կարելի է քերականության մեջ այսպես ասել- « մազութի համոյական»….»,- գրում էր Չարենցը «Երկիր Նաիրի» վեպի վերջաբանում:
Չարենցը հակասական է, բազմաշերտ է, կարիք չունի ավելորդ մեծարանքի: Նա իր ստեղծագործություններում խորհել է տալիս հայրենասիրության եւ դավաճանության մասին, որոնք շարունակում են մնալ հավերժական թեմաներ: Ի?նչ փոխեց եւ ի?նչը ստիպեց մեզ պետության, պետականության մասին մեր պատկերացումները վերաիմաստավորել Արցախի կորստից հետո, ո?րն է մեր պատկերացրած հայրենիքը: Հաճախ կարելի էր լսել, որ ամոթ է 21-րդ դարում, ունենալով պետություն, մատնվել գաղթի ու ցեղասպանության: Ինչո?վ էինք զբաղված երեսուն եւ ավելի տարիներ այդ դեպքում, եթե ոչ` պարզ ինքնախաբեությամբ:
Սրանք հարցեր են, որոնք առաջադրվել են անցյալ դարասկզբին եւ շարունակում են, ցավոք, արդիական մնալ այսօր: Իսկ Չարենցին նորովի պետք է կարդալ ու ուսումնասիրել հենց դպրոցական նստարանից, նրա կերպարներին ճանաչել այդ տարիքից, որպեսզի ստիպված չլինենք վերադառնալ ի շրջանս յուր:
