Առաջին ալիքը «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակի նկարահանման հրապարակից կադրեր է հրապարակել:«Տեսահոլովակում փորձել ենք պահպանել այն բնականությունը, որով այդքան սիրելի է դարձել Լադանիվան։ Այս անգամ, ի նշան հռչակավոր կինոռեժիսորի 100-ամյակի, որոշեցինք փարաջանովյան շնչով ներկայացնել Լադանիվայի յուրօրինակ և միջմշակութային արվեստն ու այնպես անել, որ ամեն դետալ լինի հայկական։ Փարաջանովից ներշնչված էլեմենտներն ու տրամադրությունը լրացնում են խմբի երաժշտական խտությունն ու բազմաշերտությունը՝ պահպանելով Լադանիվայի հոլովակների ազատ ու բնական ոճը»,- ասել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հրապարակվել է երգը, որով «Լադանիվա»-ն Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2024»-ում:
Այն կոչվում է «Ժակո» և հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն:
«Ժակո» երգի տեսահոլովակը ընդամենը 24 ժամում արդեն հատել է կես միլիոն դիտման շեմը:
