ՀՀ-ն ակնհայտորեն ուզում է մաս լինել միջազգային տարանցման. Միրզոյան

«Տարվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը եղել է առանցքային ուղղություններից մեկը, եթե չասեմ՝ ամենաառանցքայինը: ՀՀ-ի կառուցողական ջանքերը տարածաշրջանում երկարատև, կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ շարունակել են մնալ նույն ինտենսիվությամբ, նպատակն էլ՝ նույնը»:

Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքը և արդյունքները՝ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը ևս մեկ անգամ հիշեցրեց այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվել և առաջնորդվում են խաղաղության շուրջ բանակցելիս:

«Նախ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված 1991թ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Երկրորդ՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Հայաստանի համար չափազանց էական է, որ այդ ենթակառուցվածքները ապաշրջափակվեն մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ երկրների ինքնիշխանությունը, ազգային իրավազորությունը, և մենք պնդում ենք, որ բոլոր գործողությունները, որ կարվեն ապաշրջափակման ուղղությամբ, արվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա»,- նշեց ԱԳ նախարարը:

Վերջինս նկատեց՝ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլ նաև շահագրգռված տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ:

«Մենք ակնհայտորեն ուզում ենք մաս լինել միջազգային տարանցման՝ իհարկե, ըմբռնմամբ, որ մեր ինքնիշխանությունը մեր ենթակառուցվածքների նկատմամբ որևէ կերպ չի կարող սահմանափակվել, մեր իրավազորության ներքո պետք է լինեն: Հեշտացումները, որ պատրաստ ենք անել, որպեսզի խրախուսենք այդ տարանցումը, պետք է փոխադրվեն մյուս հարևան երկրների կողմից ևս»,- շեշտեց Միրզոյանը:

Կիսվել սոց․ ցանցերում