Գյումրու ավագանու այսօրվա նիստը, ի տարբերություն նախորդների, սկսվեց և ընթացավ համեմատաբար հանդարտ մթնոլորտում: Ավագանու կին անդամների սեղաններին ծաղիկներ կային, նաև ընթացքում նրանց վարդեր բաժանվեցին, իսկ մինչ նիստի մեկնարկը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը միամսյակի առիթով շնորհավորեց դահլիճում ներկա կանանց և աղջիկներին:
Օրակարգային չէր, սակայն բարձրաձայնվեց շաբաթներ առաջ բացահայտված Գյումրու փողոցներից ստերջացման և ստերիլիզացիայի նպատակով «Կումնի» ՍՊԸ-ի կողմից քաղաքի փողոցներից հավաքված և Ջաջուռի անասնագոմերից մեկում հակասանիտարական պայմաններում պահված շների դեպքը:
Վարման կարգով ելույթ ունեցած ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն ասաց, հիշյալ ընկերությունը փոխկապակցվածություն ունի «Բալասանյան դաշինք»-ի հետ:
«Թվում է, թե մի կողմից փորձում եք շների ստերջացման հարցը լուծել, մրցույթ եք հայտարարում, բայց շահում են մարդիկ, որոնք ուղղակիորեն փոխկապակցված են ձեզ հետ, ձեր կուսակցության հետ և իրենք ընդամենը փող են լվանում: Լավ է, որ քրեական գործ կա, ես իհարկե հարգում եմ այդ գործով անցնողների անմեղության կանխավարկածը և զերծ կմնամ մեկնաբանություններից, բայց այն ինչ փաստ է, դրա մասին ուզում եմ խոսել՝ թե որքանով է «Կումնի» ՍՊԸ-ը փոխկապակցված «Բալասանյան դաշինք»-ի հետ:
Ընկերության հիմնադիր Հարություն Վիրաբյանի ավագ որդին՝ Սեդրակ Վիրաբյանը, կապ ունի ձեզ հետ այն պարզ պատճառով, որ 2016-ին «Գյումրեցու ոգի» կուսակցության ցուցակով եղել է ավագանու անդամ, հետո արդեն «Գյումրեցու ոգի»-ն վերանվանվել, կամ վերաձևակերպվել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության»,- հայտարարեց նա:
Ըստ Հարությունյանի, սա «Բալասանյան դաշինք»-ի և այլ անձանց փոխկապակցվածության միակ օրինակը չէ: Շների պատմության ուսումնասիրության ընթացքում ասպարեզ է եկել ևս մեկ նման հայտնի պատմություն:
«Ես ակամա հիշեցի մի քանի 100 հազար դոլարի արևային պանելներ գնելու գործը, երբ «Բալասանյան դաշինք»-ի շրջապատին շատ մոտ գտնվող անձանց կողմից ֆեյք ընկերություններ էին ստեղծվել և բավական մեծ գումարով քաղաքապետարանի հետ պայմանագրեր էին կնքել:
Նախորդ տարի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի հետ կապված, որի արժեքը 1 մլրդ 450 մլն դրամ էր, մեր խմբակցության ջանքերով նախագիծը հանվել էր, որովհետև կոռուպցիոն մեծ ռիսկ ենք տեսել, էլի կասկածներ ունեինք հնարավոր տենդերների և փոխկապակցված անձանց կողմից հիմնված ընկերությունների շահելու մասով:
Ըստ էության ձեզ մոտ ոչինչ չի փոխվել, դուք շարունակում եք նույն ձեռագրով առաջ շարժվել, և սա համայնքի միջոցները վատնելու լավագույն օրինակն է»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը փոխկապակցված անձանց մասով որևէ հակադարձում չարեց, իսկ քրեական գործի մասով նշեց՝ բոլորն օրենքի առաջ հավասար են, եթե կլինեն մեղավորներ՝ պատասխան կտան:
«Քննադատելով չէ, ապացուցելով է, վերլուծություն անելով է: Կան համապատասխան կառույցներ: Հիմա բերեք մեկս մյուսիս հասցեին բաներ ասենք, բայց պետք է կարողանանք չէ՞ ապացուցել: Եթե կա խախտում, թող պատժվի դա թույլ տված անձը»,- ասաց Սամսոնյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ անդրադարձել էինք այս խնդրին և հայտնել, որ Գյումրու փողոցներից ստերջացման և ստերլիզացիայի նպատակով հավաքված շներին «Կումնի» ՍՊԸ-ն պահում է Ջաջուռի անասնագոմերից մեկում՝ հակասանիտարական պայմաններում: Շները քնում են հենց անասնագոմի գետնին՝ կեղտի մեջ, կամ անասունների համար ժամանակին որպես կերակրաման ծառայած քարե տաշտակներում:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված է քրեական վարույթ (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը):
«Նաև ինձ մտահոգում է հանգամանքը, որ համայնքապետարանը շատ ակնհայտ կերպով այդ ընկերությանը պաշտպանող տեսանյութ էր հրապարակել, որում ձեր շահագրգռվածությունը շատ ավելի ակնառու է դառնում: Դուք որպես պատասխանատու կողմ պետք է ամենաշատը հետամուտ լինեիք, որ վատ ծառայություն մատուցած ընկերությանը ստիպեիք ավելի որակյալ աշխատել, իսկ դուք հակառակը պաշտպանում եք իրենց»,- ասաց Քնարիկ Հարությունյանը:
Օրակարգային մեկ այլ հարցով էլ ավագանու ավելի վաղ ընդունված որոշման մեջ փոփոխություն կատարվեց: Տնտեսվարի մեկ հաստիքը կիսվեց 3-րդ և 7-րդ երաժշտական դպրոցների միջև, քանի որ ըստ զեկուցող Լենա Ջիլավյանի, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր ՀՈԱԿ-ներն ունեն տնտեսվարներ, բացի այս երկուսից:
Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը նկատեց՝ մշտապես խոսվում է գումարի տնտեսումից և դրա համար ՀՈԱԿ-ների հաշվապահներն ազատվեցին աշխատանքից, դարձան գործազուրկ, իսկ նրանց փոխարեն մեթոդիստներն ավելացան, հիմա էլ տնտեսվարները:
«Սկզբունքը ո՞րն է»,- հարցրեց Մալխասյանը:
Նկատենք, որ հաշվապահներից բացի, Գյումրու ՀՈԱԿ-ների մեծ մասում նաև պահակներն են ազատվել աշխատանքից, ներդրվել են անվտանգության համակարգեր:
Ջիլավյանը բացատրեց, որ ՀՈԱԿ-ներում պահակները նաև տնտեսվարի աշխատանք են կատարել, հիմա որ պահակն ազատվել է աշխատանքից, կես հաստիքով տնտեսվար ունենալը նորմալ է: Որ կազմակերպությունը պահակ է ունեցել, կես հաստիքը դուրս է եկել, մնացել է տնտեսվարի կես հաստիքը:
«Բնականաբար, մեր տեղադրած սիգնալիզացիան երբեք չի կարողանա լամպչկա փոխել: Ընդամենը էս երկու կառույցը չունեն տնտեսվար, մենք էլ գտել ենք, որ կես հաստիքը բավարար է»:
Ավագանու անդամ Վարդևան Հակոբյանն ասաց՝ ինչքանո՞վ է նպատակահարմար կես հաստիքով մարդուն աշխատեցնելը:
«Կես դրույքը ոնց որ բամբակով ջուր կաթեցնել լինի: Ճիշտ չէ՞ր լինի, եթե տալիս ենք մեկական դրույք տայինք: Կես դրույքով մարդուն գտնել, բերել, աշխատեցնելը դժվար է»,- նկատեց Հակոբյանը:
Քաղաքապետն ասաց մեկ դրույքի աշխատանք չկա, կես դրույքը բավարար է:
«Մեր տնտեսվարները իրենց կես դրույքով գոհ են, շնորհակալ են, մենք՝ առավելևս: Էնպես որ դա ոչ մեկին չի խանգարի»,- վստահեցրեց Լենա Ջիլավյանը:
Ընդհանուր առմամբ, օրակարգային 34 հարցի հիմնական մասը քննարկվեց կառուցողական ու փոխըմբռնման շեշտադրումներով:
