Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հшրձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու ՌԴ-ի և Ադրբեջանի համար. Արամ Սարգսյան

Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար: Իրենք ասում են՝ հարձակվում են այն Հայաստանի վրա, որն իրենցից 90-ականներին տարածք է խլել, իսկ հիմա հարձակվելու են դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա, այսինքն՝ հարձակվելու են քաղաքակիրթ աշխարհի վրա:

Այս մասին այսօր հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանը ողջունել է ԵԽ բանաձևը և նշել, որ սա այն եզակի դեպքերից է, որը կարող է Հայաստանի Հանրապետությանը որպես պետություն դուրս բերել այն իրավիճակներից, ինչի մեջ գտնվում ենք 2020-ից առ այսօր:

«Մենք դեռ 2023-ին մի փաստաթուղթ էինք ստորագրել, որտեղ ասում էինք, եթե ՀՀ իշխանությունը գնա դեպի ԵՄ ինտեգրման ճանապարհով, մենք կօժանդակենք և կաջակցեք, իսկ եթե չգնան, մենք կլինենք ամենախիստ քննադատը: Բարեբախտաբար, որոշակի հույսեր են առաջանում, որ մենք պետք է աջակցենք, ոչ թե քննադատենք:

Ես գտնում եմ, որ անվտանգային խնդիրները տարածաշրջանում միանշանակ սրվել էին մանավանդ վերջին օրերին, և բոլորդ դա զգում էինք, և սա նաև անվտանգային տվյալ խնդրի լուծման բանալիներից մեկն էր, ինչը Եվրոպան շատ արագ կազմակերպեց:

Իհարկե, յուրաքանչյուր պետության անվտանգության համար մեկ երաշխիքը բանակն է, և մենք պետք է բանակ-պետություն հասկացությունը գերկարևորենք: Մենք բացի 60 հազար զինվորական ունենալուց, երկու այդքան էլ պետք է ունենանք պահեստազորում ու դրա հիմքերը պետք է հիմա դնենք:

Բայց էսօրվա ռազմաքաղաքական բալանսի պարագայում գերկարևոր է արտաքին քաղաքական աջակցությունը: Մենք գտնում ենք, որ դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու ՌԴ-ի ու Ադրբեջանի համար, հակառակ պարագայում իրենք ասում են՝ հարձակվում են այն Հայաստանի վրա, որն իրենցից 90-ականներին տարածք է խլել, իսկ հիմա հարձակվելու են դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա, այսինքն՝ հարձակվելու են քաղաքակիրթ աշխարհի վրա:

Եվրոպան ճանաչում է ՀՀ սահմանները, ԵՄ դիտորդները այստեղ խաղաղության լուրջ հնարավորություն տվեցին, և սահմանին լուրջ միջադեպեր չեղան, իսկ մեր ռազմավարական գործընկերն այդպես էլ չճանաչեց մեր սահմանները:

Այն, ինչ ասում էր այսօր վարչապետը, էդտեղ քննարկելու հարց նույնիսկ չկա: Մեզ գործընկերներ են պետք մեր այսօրվա իրավիճակում խնդիրներն ավելի լայն քննարկելու կամ արտաքին քաղաքական դաշտ մտցնելու համար, և այդ առումով մեր գործընկերը միայն Եվրոպան է:

ՄԵր ռազմավարական գործընկերը մեր սահմանները չի ճանաչել, չի ճանաչում, հետևաբար մեր ուղին դեպի Եվրոպան է: Եվրոպան էլ երեկ իր ընդունած որոշմամբ ցույց տվեց, որ մեր կողքին է»,- ասել է Սարգսյանը:

Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունել է բանաձև, որով առաջարկվում է Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորություն տալ:

Այն ընդունվել է ձայների 504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Բանաձևով նաև ԵՄ կառույցներին կոչ է արվում աջակցել Հայաստանի հետ գործակցության ընդլայնմանը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական երկխոսության, անվտանգության և այլ ոլորտներում: Բանաձևի նախագծում նշվում է, որ Ադրբեջանը չի կարող համարվել Եվրամիության վստահելի գործընկեր՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումները: 

Բանաձևում մեջբերվել է ՀՀ վարչապետի՝ ավելի վաղ The Telegraph-ին տված հարցազրույցում արած հայտարարությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասել էր գրեթե նույն միտքը Հայաստան այցելած Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Կիսվել սոց․ ցանցերում