«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը կունենա համապետական սփռում ունեցող երկու հեռուստաալիք, այսպիսով՝ այժմ միայն մայրաքաղաքային սփռում ունեցող «Առաջինի լրատվական ալիքը» կհեռարձակվի ամբողջ հանրապետությունում
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Դրանով առաջարկվում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն ՓԲԸ-ի կողմից մայրաքաղաքային սփռում ունեցող «Առաջին լրատվական» ծրագիրը դարձնել համապետական սփռման, որի իրականացման համար Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցին տարեկան կվճարի 64 միլիոն դրամ:
«Քանի որ բյուջեի գումարը գոյանում է ամբողջ հանրապետության բյուջեից, ուստի նպատակահարմար չէ, որ այդ գումարն ուղղվի միայն երևանյան հեռուստադիտողին: Այսինքն՝ Հանրային հեռուստաընկերության բյուջեն ընդհանուր բյուջեից է, և, կարծում ենք, ավելի արդար կլինի, որ այդ բյուջեի մաս կազմող մեր քաղաքացիները, անկախ իրենց բնակության վայրից՝ Երևանում թե մարզերում, իրենց համար նույնպես հասանելի լինի իրենց կողմից վճարվող հեռուստաալիքի սփռումը»,- նիստի ժամանակ ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով. «Եթե մենք խոսում ենք, այնուամենայնիվ, պետական միջոցների ֆինանսական բեռի ավելացման մասին, մեր մտքում ունենանք, որ, այնուամենայնիվ, պետական բյուջեից այդ միջոցների հատկացումը, եթե բյուջեում այդ փոփոխություններն անգամ լինեն, մեկ այլ պետական հաստատության են գնալու: Ի վերջո, Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի 100 տոկոս բաժնետերը համարվում է պետությունը»,- ասել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
