ՏԵՍԱՆՅՈՒԹ․Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչների հետ հանդիպումից հետո «Ազատության» հետ զրույցում կիսով չափ մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է եղել:

Նա կարծիք է հայտնել, որ մտահոգություններ կան, որ բնակիչները լրագրողներին չեն ասել, սակայն իրեն ասել են:

Այս կերպ է նա մեկնաբանել հարցը, թե այն մտահոգությունների մասին, որոնք բնակիչները բարձրաձայնում են լրագրողների հետ զրույցում, իրեն ասե՞լ են:

«Ամբողջ հանդիպումը տեսագրված է, կհրապարակվի, բայց հասկանալիորեն այն հատվածները, որոնք այլ զգայունություններ ունեն, գաղտնիքի տարրեր են պարունակում, դրանք չեն հրապարակվի»,- վստահեցրել է Կառավարության ղեկավարը:

Վերջինս ընդգծել է, որ ամենակարևոր ասելիքը վերջին ասուլիսի ժամանակ ասածն է եղել. «Հայաստանի այն նույն ուրվագիծը, որ ցույց եմ տվել այնտեղ, ցույց եմ տվել նաև այստեղ, և ասելիքը կառուցված էր դրա վրա»:

Վարչապետը շեշտել է, որ բնակիչների բարձրացրած այնպիսի մի հարց չպետք է լինի, որը մնա անպատասխան:

«Եթե մնա անպատասխան, նշանակում է, որ մենք լուծում չունենք հարցի: Որոշ հարցերի, այո, պատասխանով էինք եկել, որոշ հարցերի հետ կապված էլ ես մարդկանց ուղիղ ասացի, որ ես այսօր եկել եմ ոչ միայն հարցերին պատասխանելու, այլ նաև հարցերը հավաքելու և Կառավարության սեղանին որպես օրակարգ դնելու և դրանց պատասխանի շուրջ մտածելու և պատասխանով վերադառնալու համար»,- ասել է նա:

Վարչապետը նաև նկատել է՝ հարցեր են եղել, որ տեղում դրանց սրությունը, այսպես ասած, ավելի էմոցիոնալ և ավելի գործնական է զգացել:

«Հարցեր կան, որոնք պետական գաղտնիքների հետ են առնչվում, ամենակարևորը, որ մարդկանց մտահոգությունները և անվտանգությունը և ապագայի նկատմամբ հավատը մենք պետք է գործնականում, տեղում ցույց տալով, կառուցակարգերով հիմնավորենք»,- նշել է Կառավարության ղեկավարը:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների, ինչպես նաև՝ Կիրանց համայնքի բնակիչների հետ:

Կիսվել սոց․ ցանցերում