ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԶՈՒՄ ԷԻՆ, ԻՍԿ ԻՆՔԸ ՄԵՆԱԿ ԷՐ․Թադևոս Խաչատրյան

Քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը /1964-1999/ ընկերներ ընտրում էր գրեթե Հիսուսի անփութությամբ, մեր փարիսեցիությանը միանգամայն անհասկանալի եղանակներով: Ծանոթների և ընկերների շրջանակը անսահման էր, և դժվար էր ասել, թե որտեղ էր սկսվում ծանոթությունը և որտեղ ավարտվում ընկերությունը։ Նրան սիրում էին, նրանից երկյուղում էին, նրան նախանձում էին, նրան ուզում էին նվաստացնել, բամբասում էին, նրանով հիանում էին, քամահրում։ Գայթակղությունները բազում էին, իսկ ինքը մենակ էր: Իրենց գուլիվերներ պատկերացնող քաղաքական լիլիպուտների երկրում ականատես եմ եղել ճակատամարտերի, երբ Տիգրանը րոպեների ընթացքում ջարդուփշուր էր անում իրական ընդդիմախոսի բոլոր «արգումենտները», սակայն սրընթաց հաղթանակը նրան ամբարտավան չէր դարձնում, այլ բնատուր կարեկցանքի շնորհիվ խոնարհությամբ սկսում էր համոզել, որ պարտվողը ինքն է՝ Տիգրան Հայրապետյանը:
Տիգրանը պատրանքներ չուներ: Այլ ստեղծում էր պատրանքներ: Հիշում եմ, ինչ-որ պայմանավորվածությամբ մեկ շաբաթ ոչ մի կաթիլ չէր խմել, շաբաթավերջին եկավ խմբագրություն ու դառնացած ասաց. «Առանց խմելու էդ ո՞նց եք ապրում էս երկրում: Ո՞նց եք էս ամենը բաց աչքերով տեսնում և շարունակում ապրել»: Նրա համար ամենամեծ պատրանքը հենց ապրելն էր։ Հաճախ էր կրկնում Պարույր Սևակի տողերը.
Այսպես չեն ապրում, այսպես մեռնում են մի դանդաղությամբ,
Որով փտում են հին նավակները ծովախորշերում…
Խնդրում էր վերհիշել Էլիոթի՝ «կյանքը շատ է երկար» տողը: Եվ քանի որ քաղաքական նախնի չուներ, քաղաքականացնում էր պոեզիան, նկարչությունը, երաժշտությունը: Ասենք, վերափոխում էր Տերյանի հայտնի տողը «Հայրենիքում իմ արնախում» /պետք է լինի արնաներկ/, Չարենցի անմեղ «Տրիոլետ ինտիմի»՝
Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմաստ է.
Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մութ է ու անծիր.-
Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր…
Ընդգծված տողերը այնպես էր արտասանում, որ «ամեն ինչ անիմաստ է» դառնում էր մեր ժամանակի գնահատականը, «թողել ենք նավը, ղեկը, լաստը»՝ հանրապետության անտերության խորհրդանիշ, «իսկ ծովը մութ է ու անծիր»-ը ներիշխանական ինտրիգների և տարածաշրջանային խարդավանքների ահազանգ:
Առհասարակ ապշել կարելի էր հայ և համաշխարհային պատմության և փիլիսոփայության՝ նրա իմացությունների վրա, հայ, ռուս, ֆրանսիական պոեզիայի ու արվեստի գերազանց գիտակէր: Այնպես որ, Նիցշեի հետ կարող էր կրկնել. «Արվեստը մեզ տրված է, որպեսզի չմեռնենք ճշմարտությունից»: Նա ինքն էր սկսել սարսափել իր իսկ ճշմարտություններից և ապավինում էր արվեստին:
Կիսվել սոց․ ցանցերում