Շատ կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի կողմից որոշում կայացնելը, թե որ քարտեզներով են առաջնորդվում սահմանազատման գործընթացի համար:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Թորոսյանը նախ կարևորեց սահմանազատման գործընթացը սկսելը: Նրա կարծիքով՝ Հայաստանի շահերից է բխում դա:
«Սահմանազատումը հայ-ադրբեջանական կարգավորման և խաղաղության կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է: Ինչո՞ւ Տավուշից, մի քանի բացատրություն կա: Մեր շահերից է բխում սահմանազատումը սկսելը: Կարևոր է երկկողմ համաձայնություն լինի, թե որ քարտեզներով ենք առաջնորդվում: Դիցուք՝ եթե մի վայրում սահմանազատում իրականացվում է 1974թ. քարտեզով, ապա մյուս վայրում էլ պետք է այն իրականացվի այդ քարտեզի համաձայն: Որևէ տարածք, որևէ բնակավայր, որը ՀՀ տարածքում է, որպես ԽՍՀՄ-ից անկախացած Հայաստանի տարածք չենք տալու որևէ երկրի, բայց եթե սահմանի իրավական ամրագրման ընթացքում այն կանցնի որևէ տարածքով, ապա համաձայնությամբ կտրվի այս կամ այն կողմին»,- նշեց նա:
Անդրադառնալով քարտեզներին՝ նա ասաց, որ նախ շատ կարևոր է, որ ի սկզբանե այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեն, թե որ քարտեզներով են գնում, և այստեղ տեսնում է այդ պայմանավորվածությունները ձեռք բերելու հնարավորությունը:
«Ցավոք սրտի, մինչ օրս այդ պայմանավորվածությունը ձեռք չի բերվել հիմնականում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, նրանք խուսափել են քարտեզների մասին խոսակցությանը վերջնական պատասխան տալուց: Եթե այս գործընթացը թույլ կտա մեզ ի վերջո պայմանավորվել քարտեզների մասին, որոնք ապագայում պետք է դառնան ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հիմքը, դա մեզ համար կարևոր է և մեր շահերից է բխում: Ավելին, դա է հենց ի թիվս այլոց ապահովելու մեր ինքնիշխան տարածքի անվտանգությունը»,- նկատեց նա:
Խոսելով Տավուշի մարզի 4 գյուղերի մասին և դրանցից բխող անվտանգային հարցերից, պատգամավորն ասաց․ «Ճանապարհները կարևոր են, բայց կարևոր է ունենալ լեգիտիմ հիմք քո տարածքը պաշտպանելու, իսկ այդ հիմքը քո տարածքում լինելն է: Եվ եթե այդ տարածքում այսօրվա դե ֆակտո պայմաններում, անցնում են կոմունիկացիաներ, որոնք մեր լեգիտիմ տարածքում չեն, մենք պետք է լուծումներ գտնենք, օրինակ, նոր ճանապարհներ կառուցելով, ինչպես արել ենք Գորիս-Կապան ճանապարհի համար»:
Անդրադառնալով վարչապետի այցին դեպի Տավուշի մարզ՝ ըստ Թորոսյանի՝ պետք է շատ ուրախ լինեն, որ մեր երկրի վարչապետը, նաև անսալով ժողովրդավարությանն ու թափանցիկ կառավարման սկզբունքներին, ուղղակիորեն հանդիպում է այն բնակիչների հետ, որոնք ապրում ենք հենց այդ հատվածներում:
«Պետք է հասկանանք, որ Ադրբեջանն այնպիսի պետություն է, որտեղ մարդու իրավունքները և մարդկանց կարծիքները ոչ մեկին չեն հետաքրքրում։ Սա շատ կարևոր է, որ ուղիղ երկխոսություն է տեղի ունենում, նույնիսկ եթե կլինեն լարվածություններ այդ խոսակցության ժամանակ, նույնիսկ եթե սկզբում կլինի չհասկացվածություն, բայց շատ կարևոր է, որ այդ խոսակցությունը լինի։ Սա խոսում է այն մասին, որ մենք որևէ թաքուն, գաղտնի բան չենք անելու»,- ընդգծեց նա։
