Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2024 թվականի մարտի 18-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2023 թվականի աշխատանքները:

Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ներկայացնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում իրականացված աշխատանքները, ընդգծել է, որ Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին 102 հայցադիմում, որոնցից 68-ը դատարան է ներկայացվել 2023 թվականի ընթացքում: Նշված 68 հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 416 մլրդ դրամ (այս փուլում մի շարք գույքերի շուկայական արժեքները դեռևս գնահատված չեն)։

Հաշվետու տարվա ընթացքում դատարան ներկայացված հայցերով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 810 անշարժ և 155 շարժական գույք, 230 իրավաբանական անձանցում մասնակցություն, 383 մլրդ 522 մլն դրամ։

Համեմատության համար նշվում է, որ 2022 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարան էր ներկայացրել 21 հայցադիմում՝ շուրջ 100 միլիարդ դրամ հայցագնով (պահանջվել էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 200 անշարժ և 45 շարժական գույք, ինչպես նաև 45 իրավաբանական անձանցում մասնակցություն և շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ):

2023 թվականի ընթացքում Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանն է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ 200 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 մլն դրամ:

Կիսվել սոց․ ցանցերում