Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հանդիպում ունեցավ մի քանի գյուղերի բնակիչների հետ՝ քննարկելու համար Ադրբեջանին 4 գյուղ վերադարձնելու հարցը։ Այսօր էլ տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Ստոլտենբերգը կոչ արեց Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնել և նշեց, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Վերոնշյալ թեմաների շուրջ Civic.am-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։
— Պարոն Խուրշուդյան, կարո՞ղ ենք ասել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի նպատակը պատերազմ թույլ չտալն էր։
— Այո, նա՛և պատերազմ թույլ չտալն էր․ դա առանցքային կետերից մեկն էր, ու Ադրբեջանում էլ հատուկ շեշտեց, որ ողջունում է Ալիեւի այն դիրքորոշումը, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը մոտ են գտնվում խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այսինքն՝ խրախուսեց Ադրբեջանին, որ գնա այդ ճանապարհով: Հիշում ենք նաև Մեծ Բրիտանիայից ամենաբարձր մակարդակով հորդոր էր ուղղվել Ալիևին, որ մինչև նոյեմբեր ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Այսինքն՝ այդ ճնշումներն ու հորդորները կան, բայց երաշխիք, որ Ադրբեջանը դրանց կհետեւի՝ չկա։ Ոչ ոք չի կարող ասել՝ Ալիևը հորդորները կլսի՞, թե՞ կգնա արկածախնդրության, ինչքան էլ որ դա իրեն չի սպառնա արեւմտյան պատժամիջոցներով։
Հիմա երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասում է, որ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, Ալիևն էլ ասում է, որ այդ 4 գյուղերը ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապ չունեն, քանի որ Ադրբեջանի մաս են կազմել ու դա բոլորն են ընդունում։ Մենք ասում ենք՝ բացի այդ 4 գյուղերից, որ քոնն են, դու էլ մեր տարածքներից ես գրավել, ինքն էլ ասում է՝ ես ոչ մի գյուղ չեմ գրավել, իսկ դա նշանակում է, որ այդտեղ փախստականների վերադարձի խնդիր չկա ու կարելի է չշտապել ու սահմանագծման եւ սահմանազատման ընթացքում ճշգրտել։ Բայց Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին որ լսում ենք, պարզ է դառնում, որ հաջորդ քայլով էլ անկլավներն են ուզելու, բայց պարզ չէ, թե այդ ժամանակ պատրա՞ստ են լինելու Արծվաշենը տալ, թե՞ ասելու են՝ միակողմանի տվեք։ Նման դեպքում իրենց արդեն դժվար է լինելու հիմնավորել միջազգային հանրության առջեւ, թե ինչու միայն Հայաստանը պետք է վերադարձնի անկլավները։
— Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում նշեց, որ եթե սահմանազատման գործընթացը չսկսենք, ապա իրավիճակը կարող է պայթյունավտանգ դառնալ։ Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում իշխանության մարտավարությունը այդ 4 գյուղերի հետ կապված և ի՞նչ պետք է անել։
— Որքան հասկանում եմ, իշխանության նպատակը այն է, որ գոնե մի հատվածում դելիմիտացնենք, եթե նույնիսկ մեզ ձեռք չի տալիս հենց այդ հատվածից սկսելը, քանի որ այդտեղ մենք ենք զիջելու, բայց դա հիմք կլինի, որ սահմանազատման գործընթացի իրավական հիմքի շուրջ Ադրբեջանի հետ պայմանավորվեն, այդ թվում՝ քարտեզների, որոնցով դա արվելու է։ Հիմա ես չեմ հասկանում, թե արդյո՞ք Ադրբեջանը համաձայնել է ինչ-որ կանոնակարգի, որովհետև Ադրբեջանը չի համաձայնվում որևէ քարտեզի ու չի համաձայնվում ընդհանրապես, որ կա սահման, ասում է՝ սահմանը նոր պետք է գծենք։
Նաև չպետք է բացառել այն սցենարը, որ իրեն այդ 4 գյուղը պետք է դիրքային առավելություն ստանալու համար, որից հետո միակողմանի կպահանջի, օրինակ, Յուխառի Ասկիպարա անկլավը, եւ եթե չտանք՝ ավելի բարենպաստ դիրքերից կփորձի գրավել այն։ Մեկ այլ սցենար է, որ նա մտադիր է այդ 4 գյուղերի վերադարձի աղմկի միջոցով ՀՀ-ում ապակայունություն կմտցնի, ու իշխանափոխության հասնի իր եւ Կրեմլի շահերը Հայաստանում սպասարկող 5-րդ շարասյան միջոցով։ Դա միայն ադրբեջանական պլան չէ, դա ռուս-ադրբեջանական պլան է։
— Չորս գյուղերի մասով ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան ասում է՝ դա էլ հո մե՞նք չենք, ԵՄ-ն ու Արևմուտքն են այդ հարցը նման իրավիճակի հասցրել։
— Զախարովան սպառնում է ու երեսով է տալիս, իրենց նպատակը դա է։ Ասում են՝ դուք ուզում եք սերտացնել հարաբերությունները Արևմուտքի հետ, Ադրբեջանին կհրահրենք, որ հարձակվի՝ նոր տարածքներ պոկի։ Չնայած մինչև դա էլ անում էին, և այնպես չէր, որ եթե մինչ այդ չէինք գնում Արևմուտք, Կրեմլը հավատարիմ էր մնում իր դաշնակցային պարտավորություններին, կամ հաշվի էր առնում Հայաստանի ու հայության շահերը։ Այլապես Արցախը չէին խլի մեզնից, ու հետո էլ համատեղ ռուս-ադրբեջանական ուժերով հայաթափի։ Հայաստանի՝ դեպի Արևմուտք գնալը Ռուսաստանի դավաճանության հետևանքն է, ոչ թե պատճառը։ Հայաստանի Արևմուտք գնալը սկսել է այն ժամանակ, երբ Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին հենց ՀՀ-ի վրա հարձակվեց, ու ռուսներն էլ ասացին՝ չգիտենք հարձակվե՞լ է ձեզ վրա թե՞ իր սահմաններն է եկել ճշգրտի։ Փաշինյանն էլ ասաց՝ դե եթե այդքան բանն էլ չգիտեք, ես գնամ այլ տեղ անվտանգություն գտնեմ, ու այդպիսով ԵՄ դիտորդներին հրավիրեց։ Դրանից հետո Ադրբեջանը տարածքային առաջխաղացում չունեցավ։
Հիմա Ալիևը վտանգավոր խաղ է խաղում, ու հարց է առաջանում, թե ռիսկ կանի՞ նման արկածախնդրության գնալ, որովհետև իրեն ասել են, որ իր վրա ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի վրա նոր ռազմական ագրեսիան։ Դրա համար է ինքը ասում, որ ոչ թե գալիս եմ Զանգեզուրը գրավեմ, այլ ասում է՝ իմ տարածքներն եմ գալիս վերցնեմ, այդ չորս գյուղը, որը դու 1990-ականներին գրավել ես։ Ընդ որում, անկլավները հիմա չի պահանջում, որովհետև մենք էլ կասենք՝ դե Արծվաշենը տուր, իսկ ինքը չի պատրաստվում տալ ու միջազգային հանրության առաջ փակուղու մեջ է ընկնելու։ Դրա համար ասում է՝ անկլավների հարցը հետո կքննարկենք, դու 4 գյուղը տուր, որ փախստականները գան վերաբնակեցվեն։ Բայց հիմա ով գիտի, թե ոնց կօգտագործի այդ գյուղերը, միգուցե բերում ռազմաբազա է տեղակայում այդտեղ, ու դա վտանգավոր կարող է դառնալ, որովհետև չգիտենք, թե Ալիևի հաջորդ քայլը որն է լինելու։ Հիմա պետք է իշխանությանը այդ հարցերը տալ, թե նման ռիսկերը ո՞նց են իրենք կառավարելու։ Օրինակ, Ադրբեջանը սպասելո՞ւ է, որ նոր, շրջանցիկ ճանապարհ կամ նոր պաշտպանական գծեր կառուցենք։
— Պարոն Խուրշուդյան, Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձև, իսկ ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին։ Հայաստանը հիմա ի՞նչ պետք է անի։
— Տնային աշխատանքը պետք է կատարել ՍԵՊԱ-ի շրջանակներում, նաեւ արտաքին առևտուրը դիվերսիֆիկացնել, հիմա բանակցություններ են գնում, որ Եվրոպան մեզ անմաքս առեւտրի արտոնյալ ռեժիմ շնորհի, որպեսզի մրցունակ լինի մեր արտադրանքը եվրոպական շուկաներում։ Այդ հարցերը պետք է զուգահեռ լուծվեն։ Մեր ԵՄ գնալուն խոչընդոտ է նաև ՀԱՊԿ-ը, ու պետք է այդտեղից դուրս գալ, ու ոչ միայն այդ հարցում է խոչընդոտ, այլև Ոսկեպարում է սպառնալիք. հիմա վաղը եթե Ադրբեջանը էսկալացիա անի այնտեղ, ես մտավախություն ունեմ, որ ՀԱՊԿ-ը կարող է որոշել, որ այնտեղ ինքը անելիք ունի, ու գա վզներիս փաթաթի իր արջի ծառայությունները։
