«Լուսանցքում հայտնված пւժերը փորձում են վերակենդանանալ шրցшխահայերի пղբերգության և նրանց էմոցիոնալ ֆոնի հաշվին»

Նախօրեին Ազատության հրապարակում տեղի է ունեցել արցախահայերի հանրահավաք, սակայն հանրահավաքի առիթն, ինչպես միշտ, իրենց ընդդիմադիր հռչակած ամենատարբեր գործիչներ փորձեցին օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար։
Օրինակ՝ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը երեկ հարցազրույց է  տվել ԶԼՄ-ներից մեկին և հայտարարել, որ արցախահայերը Հայաստանում պետք է լինեն քաղաքական գործոն։

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ սահմանադրագետ Արտաշես Խալաթյանն ասաց. «Նախ հարցը բարոյաքաղաքական տեսանկյունից նայենք, որ Իշխան Սաղաթելյանը նշել է, թե արցախահայերը Հայաստանում պետք է լինեն քաղաքական գործոն։ Այս պարագայում ես կասկածում եմ, որ Իշխան Սաղաթելյանը նկատի ունի, որ արցախահայերը պետք է դառնան քաղաքական գործիք, ինչն, ըստ էության, Հայաստանում որոշ ուժերի նպատակն է՝ խաղալ այդ մարդկանց հույզերի, վախերի, էմոցիոնալ որոշակի վիճակի հետ՝ կապված այն ողբերգության հետ, որը նրանք ապրեցին Արցախում ամիսներ առաջ։ Այսինքն՝ այստեղ «քաղաքականությունն անբարոյականություն է» եզրը, ցավոք սրտի, երբեմն վերաբերելի է մեր որոշ ուժերի վարքագծին»։

Ինչ վերաբերում է հարցի իրավական կողմին, սահմանադրագետն ասաց, որ արցախահայերն ամբողջությամբ չէ, որ դարձել են ՀՀ քաղաքացի կամ դիմել են քաղաքացիություն ստանալու համար, այսինքն՝ այստեղ շատ կարևոր է նաև հարցի իրավական կողմը, որ արցախահայերն այսօր Հայաստանում մեծ մասամբ փաստացի ունեն փախստականի կարգավիճակ, ինչը նշանակում է իհարկե որոշակի իրավունքներից օգտվել։

«Օրինակ՝ հանրահավաքների, երթերի, ցույցերի մասնակցելու մասով, բայց որպես քաղաքական հնարավոր դեպքեր կամ համապետական ընտրություններին մասնակցելու առումով, այսինքն՝ ընտրելու և ընտրվելու առումով, նրանք չունեն սահմանադրական իրավունք, և հետևաբար ստացվում է, որ նրանք օբյեկտիվորեն օգտագործվելու են այն ուժերի կողմից, որոնք հավակնում են իշխանության։ Ստացվում է, որ որևէ հիմնարար քաղաքական իրավունք չունենալով՝ իշխանափոխության գործընթացում նրանք փաստորեն ստանձնելու են ինչ-որ ուժերի համար ցատկահարթակի դեր՝ հիպոթետիկ դեպի իշխանական ամբիոններ, իշխանական գրասենյակենր։ Այսինքն՝ այստեղ արցախահայերն իրենք պետք է որոշեն՝ այս իրավական կոնֆիգուրացիան իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ։ Ստացվում է մի անոմալ գործընթաց, երբ շատերը չեն ցանկանում ՀՀ քաղաքացի դառնալ, շատերն ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, որի մասին չի խոսվում, բայց այդ համատեքստում նրանք մասնակցում են Հայաստանի քաղաքական կյանքի մի գործընթացի, որից իրենք իրավաբանորեն դուրս են գտնվում, և դառնում են փաստացի գործիք»,- ասաց Արտաշես Խալաթյանը։

Սահմանադրագետի խոսքով՝  դա նաև իրենց որոշելիքն է, որովհետև Հայաստանը ժողովրդավարական պետություն է, բայց միաժամանակ այստեղ կա և բարոյական խնդիր, և իրավական մի անոմալ վիճակ, երբ տվյալ քաղաքական հանրույթի մաս չկազմող մարդկանց միջոցով Հայաստանում ցանկանում են գեներացնել գործընթաց։

Արտաշես Խալաթյանի խոսքով՝ խնդիրը նաև այն է, որ անշուշտ այս գործընթացի մեջ կլինեն Ղարաբաղի քաղաքական էլիտայի հետ փոխկապակցված շրջանակներ՝ հարազատներ, բարեկամներ, խնամիներ, ընկերներ և այլն։

«Մնացածի մասով պետք է հասկանալ, համապատասխան ծառայությունները նույնպես պետք է հետևեն գործընթացին, հասկանան՝ որքանով են այդտեղ առկա նաև ոչ իրավաչափ, այդ թվում՝ հանցակազմ պարունակող գործողություններ նախապատրաստելու տարրեր, որովհետև ակնհայտ է, որ այդ մարդիկ, ռուսերեն ասած, «ռասխոդնի մատերիալ» են լինելու որոշ շրջանակների համար, և այդտեղ կարևոր է, թե արդյոք նրանց կօգտագործե՞ն որպես երթերի, ցույցերի մասնակիցներ, թե՞ նաև ավելի լուրջ և հակասահմանադրական գործընթացներում։ Ես կհորդորեմ արցախահայերին գիտակցել պահի լրջությունը և չկատարել քայլեր ինչ-որ դրդապատճառներով՝ նյութական շահագրգռվածությունից սկսած մինչև էմոցիոնալ վիճակ, չկատարել գործողություններ, որոնք կհանգեցնեն արդեն մեծ հայրենիքի կորստին։ Փոքր հայրենիքն այսօր կորսված է, բայց մեծ հայրենիքի կորստյան գործընթացին մասնակցելը նաև հավերժական խարան կդնի իրենց վրա՝ հայկական պետականության պահպանման մեջ ունեցած բացասական դերակատարման առումով»,- նշեց Արտաշես Խալաթյանը։

Նա նաև նշեց, որ բոլոր դեպքերում խնդիրը հետևյալն է, որ քաղաքական լուսանցքում հայտնված ուժերը փորձում են վերակենդանանալ արցախահայերի հաշվին, նրանց ողբերգության հաշվին, նրանց էմոցիոնալ ֆոնի հաշվին։

Սահմանադրագետը կարծում է, որ սա նաև պետք է նախընտրական ռեժիմ մտնող Հայաստանի քաղաքական դերակատարները, ժողովրդավարական քաղաքական ուժերը հաշվի առնեն, այդ թվում նաև իրենց քաղաքական օրակարգում ունենալով արցախահայերի խնդիրները՝ նրանց ոչ թե օգտագործեն որպես քաղաքական գործիք, այլ աշխատանք տանեն նրանց հետ, բացատրեն երկրում առկա իրավիճակը և հնարավոր տարբերակները՝ նրանց հավաքական վերադարձն ապահովելու կամ Հայաստանի սոցիալ-քաղաքական կյանքին լիարժեք ինտեգրելու մաս։

«Այսինքն՝ չպետք է թողնել այդ մարդկանց բացարձակապես որպես որոշ քաղաքական ուժերի գործողությունների համար պարարտ հող»,- եզրափակեց սահմանադրագետը։

Լիլիթ Թադևոսյան

Կիսվել սոց․ ցանցերում