«Հասարակական տրանսպորտի տեղաշարժն ապահովող սարքերը մատակարարված են, և ներկայումս իրականացվում են տվյալ սարքերի կոնֆիգուրացման ու տեղադրման աշխատանքները»:
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:
«Յուրաքանչյուր երթուղու կահավորման ավարտից հետո դրա մասին կհայտարարենք: Միաժամանակ տեղեկացնեմ, որ նշված աշխատանքների շրջանակներում քաղաքացիները հնարավորություն կունենան ոչ միայն առցանց ռեժիմով տեսնել ավտոբուսի շարժը և ավտոբուսի մոտենալու ժամանակահատվածը դեպի տվյալ կանգառ, այլ տվյալ ավտոբուսում այսուհետև հասանելի կլինի անվճար WI-FI ծածկույթ ինտերնետ հասանելիությամբ»,- հավելեց նա:
Արձագանքելով՝ Երևանի փոխքաղաքապետ, իշխող ուժի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն էլ նկատեց՝ սա խոստացված կարևորագույն բարեփոխումներից մեկն է հանրային տրանսպորտի ոլորտում:
«Հանրային տրանսպորտի ոլորտում միայն շարժակազմ փոխելը բարեփոխում չէ, միայն հին «Գազել»-ները վերացնելը, նոր ավտոբուսներ բերելը բարեխոխում չէ, բարեփոխումն այս համակարգային լուծումներն են՝ միասնական տոմսային համակարգը, շարժակազմի վրա JPS սարքերի տեղադրումը, որը մեզ թույլ կտա օնլայն հարթակում տեսնել, թե որ ավտոբուսը քանի րոպեում կհասնի կանգառ: Սա նույնպես կարևոր հատված է տրանսպորտային համակարգի բարեփոխման, դրա շարունակությունն են նաև ավտոբուսային գծերը, որը ընդլայնվելու է Երևան քաղաքում»,- վստահեցրեց Ավինյանը:
