Քանի որ եկեղեցիների շրջակայքը լեցուն է ժպտացող հավատացյալներով եւ ուռենու ճյուղերից պսակներ վաճառող աչոնիկներով, մի փոքր Ծառզարդարի կամ Ծաղկազարդի մասին։
Հայերն ունեցել են խնկենու, սոսու, կաղնու, ուռենու պաշտամունք` որպես տիեզերքի ներդաշնակության, անմահության, պտղաբերության, կենաց ծառի խորհրդանիշ։ Կենցաղը միշտ անբաժանորեն կապված է եղել տոնակատարությունների, հանդիսությունների, ընծայաբերության հետ։ Հեթանոսական մշակույթով պայմանավորված, բազմաթիվ տոներ՝ յուրահատուկ ծիսական համալիրներով պահպանվել ու հասել են մեր օրեր։
Սրան նպաստել է նաեւ հայերիս՝ նստակյաց լինելու եւ երկրագործական հարուստ մշակույթ ունենալու հանգամանքը։ Հեթանոս հայերի համար, այս տոնը գարնան գալստյան, բնության զարթոնքի խորհրդանիշն էր։ Դե էլ չասեմ, թե գարնան գալստյան եւ բնության փթթմանը համահունչ, ինչպես են արգասավորվում մեր հոգիները եւ ոչ միայն):
Ծաղկազարդ տոնի հետ ուղղակիորեն աղերսվում է Նուրին տիկնիկը։ Այն ձեր իմացած տիկնիկներից չէ։ Պատրաստվում էր փայտից կամ ցախավելից, իսկ դեմքը պատում էին սպիտակ լաթով, գոտին գունավոր կտորից էր, գլխին էլ ամրացնում էին ծաղկեպսակ։ Էն, ինչը հիմա դնում են աղջիկներն այս օրերին։
Հետագայում եկեղեցին քրիստոնեական բովանդակություն հաղորդեց տոնին։ Ուրախալի է, որ տոնն իր հմայքը չի կորցրել։
Ծաղկած ու բարեզարդված լինեք։)
