ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Վերջինս ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։
Այս պահին կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հետագայում ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը թույլատրելիության սահմաններում կտեղեկացնի քննության արդյունքների մասին։
Հիշեցնենք՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ, որտեղ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, հիմնականում «Մարտական եղբայրության» անդամներ, ովքեր պահանջում էին, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին:
Ոստիկանության շենքի բակում պայթյուն էր տեղի ունեցել, 2 քաղաքացի բեկորային վնասվածքներով տեղափոխվել էր բուժհաստատություն։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նռնակի պայթյունից տուժել էին ներխուժող անձանցից 2-ը, որոնք տեղափոխվել են բուժհաստատություն, նրանք ունեն ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ։
ԱԱԾ հատուկջոկատայիններին հաջողվել է վնասազերծել և բերման ենթարկել նռնակով զինված անձին:
