Այս երեխաները ՉՊԵՏՔ Է ԱՊՐԵՆ ԱՅՍՊԻՍԻ ՏՆԵՐՈՒՄ

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Արցախի բռնի հայաթափումից հետո ծանոթացել եմ Հայաստանի տարբեր վայրերում՝ գերազանցապես սահմանային գյուղերում հաստատված արցախցի շուրջ 100 ընտանիքի հետ, հատ -հատ մտել նրանց տներ: Եվս ավելի քան 200-ի հետ ծանոթացել եմ հեռակա:
Երեկ երկրորդ անգամ եղա ՀՀ-Նախիջևան սահմանի Երասխ գյուղում հաստատված Սուքիասյանների ընտանիք: Նրանք առաջիկա օրերին ստանալու են աջակցություն Ֆրեզնոյի Բժշկական առաքելությունից՝ ընտանի կենդանիների տեսքով: Առաջին անգամ այլ օժանդակություն էի տարել՝ շնորհիվ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ավստրալիայում, Ռուսաստանում և Հայաստանում հաստատված իմ ընկերների նվիրատվությունների:
Վասիլին ազգությամբ ռուս է, ամուսնացած է հայի հետ, ունի 6 երեխա՝ 1-ից մինչև 10 տարեկան, հայերեն խոսում է մեզ նման, շատ հայերից՝ ավելի լավ և մաքուր հայերեն: Բռնի տեղահանվել է Արցախի Մարտունի քաղաքից:
Արցախցիների հետ իմ շփումներում քաղաքականությունից չեմ խոսում ընդհանրապես, բայց երկու-երեք բարեկամական խորհուրդ եմ տալիս.
ա/ չհեռանալ Հայաստանից,
բ/ իրենց երեխաների համար տուն և ապագա կառուցել Հայաստանում,
գ/ օգտվել կառավարության կողմից տրամադրվելիք՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին 3-ական միլիոն դրամ ծրագրից և գյուղերում կառուցել նոր տներ:
Պետք չէ պղտորել այս մարդկանց և այս երեխաների մտքերն ու ապագան՝ ասելով, որ Հայաստանի կառավարությունը խաբում է 3 միլիոնով: Մենք կարող ենք չսիրել, չհանդուրժել այս իշխանություններին, բայց այս մարդիկ պետք է տուն ունենան, այս երեխաները ՉՊԵՏՔ Է ԱՊՐԵՆ ԱՅՍՊԻՍԻ ՏՆԵՐՈՒՄ, ինչպիսին Վասիլիի տունն է: Արցախցիներին ամենաշատ օգնություն տրամադրում է հենց ՀՀ կառավարությունը, ավելի ճիշտ՝ ՀՀ հարկատուները: 3 միլիոնները Նիկոլ Փաշինյանը կամ նրա կառավարությունը չի տրամադրում, 3 միլիոնները տրամադրում են ՀՀ հարկատուները: Քիչ է՞: Այո՛: Բայց դա է այս պահին հնարավորը:
Հ. Գ. Վասիլիին խոստացա, որ կփորձեմ իր այս ժամանակավոր տան համար հավելյալ գումար գտնել, որպեսզի մի քիչ կարգի բերի այս կացարանը, որը ադրբեջանական դիրքից մի քանի 100 մետր է հեռու և որտեղ մեծանում են 6 երեխաներ՝ 1-ից 10 տարեկան:
Թ.Հ.
Երասխ, 25 մարտի, 2024թ
Կիսվել սոց․ ցանցերում