23-ամյա մոդել Դարիամի հայրը ամեն առիթով հիշեցրել է՝ «ты русская», սակայն, ինչպես նա է ասում, ավելի շատ «վերցրել» է հայկական գեները, նաև՝ մորական պապի ազգանունը՝ Ըռքոյան:
Դարիամը, թեև սիրում է խոսել իր մասին, սակայն ռուսաստանյան կյանքից ու առօրյայից շատ բան չի ուզում պատմել, միայն նշում է, որ մանկությունը, պատանեկությունը և երիտասարդության մի որոշ շրջան անցել են Սիբիրում, և ինչ-որ պահի ինչ-որ մի բան չի հերիքել երջանիկ լինելու համար: Եվ հենց այդ ժամանակ էլ որոշել է տեղափոխվել Հայաստան:
«Հայկական արմատներ ունեմ ու հաճախ էի լինում Հայաստանում, և արդյունքում իմ կյանքում եկավ մի պահ, երբ սկսեցի խորանալ հայկական մշակույթի մեջ… կյանքս սկսեց փոխվել: Երբ մորական պապիկս մահացավ, որոշեցի տեղափոխվել, ապրել ու աշխատել Հայաստանում: Հայրս ռուս է, իհարկե, դեմ էր որոշմանս, միշտ ասում էր՝ «ты русская, всегда должна быть за Россию», ես էլ ասում էի, որ իմը չէ»,- պատմում է երիտասարդ մոդելը:
Դարիամը մասնագիտությամբ լրագրող է, սակայն ուսանելու տարիներին հասկացել է, որ չի գտնում իրեն այդտեղ: Մոդելինգում է քայլեր կատարել, համոզվել, որ դա է իր ճանապարհը:
«Պատերազմից հետո (երկու ամիսը մեկ) գալիս էի Հայաստան՝ նախօրոք պատվերներ հավաքելով, ինչ-որ փուլում դարձավ իմ մասնագիտությունը, գործ, որը ինձ մոտ լավ է ստացվում, ու հասկացա, որ ես դրանով կարող եմ նաև կիսվել բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ուզում են աշխատել այս ոլորտում: Արդյունքում միտք առաջացավ բացել գործակալություն, որը կզբաղվի մոդելինգով»,- ասում է նա՝ նկատելով՝ մոդելինգը Հայաստանում շատ հետաքրքիր է զարգանում, լրիվ այլ կերպ. «Ոչ այնպես, ինչպես Ռուսաստանում, Եվրոպայում կամ Ամերիկայում, ամեն ինչ այլ է»:
Իսկ թե ինչո՞ւ է գործակալությունն անվանել «Sayyes» («Ասա՛ այո»), աղջիկն ասում է՝ Հայաստանում շատ է լսում, որ հայկական արտաքինն այն չէ, ամսագրերը կամ բրենդները նախընտրում են աշխատել ռուս մոդելների հետ… «Չէ՛, ու էլի չէ՜… դուք նայեք՝ Արմինեն, որ «Գուչի»-ում հանդես եկավ, ինչքա՜ն յուրահատուկ տեսք ունի, գեղեցիկ աղջիկ է. եթե պետք է նման արտաքինով աղջիկ, պահանջարկը կա, ուրեմն նա գեղեցիկ է, և ես հայկական արտաքինում այդ պոտենցիալը տեսնում եմ: Իմ գործակալությունը անվանել եմ «Sayyes», որ յուրաքանչյուր հայ աղջիկ առաջին հերթին ինքն իրեն ասի՝ այո՛ , «ասա՝ հա՛, «всегда говори հա՛» (ծիծաղում է)»:

Երիտասարդ մոդելին գրավում է նաև երկու ազգերի՝ տարբեր մենթալիտետների խառնուրդը. «Հայ աղջիկները պետք է ավելի ինքնավստահ լինեն, չմտածեն, որ իրենց մոտ ինչ-որ բան այն չէ, չփոխվեն այդքան շատ, չտեղավորվեն եղած ստանդարտների մեջ. բոլորը նույն դեմքով են, բոլորը Քիմ Քարդաշյան են, ինչո՞ւ…, հասարակությանը պետք չէ այդքան հարմարվել: Ռուսներին, ընդհակառակը, պետք է լինել ավելի զուսպ, մի քիչ՝ «հայկական աղջիկ»: Եթե այդ երկուսը խառնենք, շատ «համեղ» բան կստացվի»:
Խոսելով Հայաստան տեղափոխվելու, նոր միջավայրում հարմարվելու դժվարությունների մասին՝ Դարիամն անկեղծանում է, որ իրեն երբեք խորթ ու օտար չի զգացել, թեպետ դեռ ռուսերեն է խոսում, սակայն քիչ-քիչ սովորում է նաև հայերեն: Մարդկանց ողջունելիս ասում է՝ «Բարև ձեզ», երբ հասկանում է, որ խոսակցությունը բարդանում է, անցնում է ռուսերենի:
«Կան երկու տեսակ մարդիկ, մի մասը, որ տեսնում են, ասում են՝ շատ նման եմ հայուհու (առաջ հայուհիները կապուտաչյա են եղել), մյուս մասն ասում է՝ ընդհանրապես նման չեմ հայի, կամ տեսնում են ու անմիջապես ասում՝ «здравствуйте», և հենց այդ ժամանակ է, որ հիշում եմ իմ տարօրինակ երազանքի՝ հայկական քիթ ունենալու մասին ու մտածում՝ «Все таки мне нужен был армянский нос» (ծիծաղում է): Այո, կար ժամանակ, որ ես երազում էի մեծ՝ հայկական քթի մասին: Իմ մորական պապիկը, որ ինձ համար շատ յուրահատուկ տեղ ու դեր ունի, նրա քիթն ինձ շատ էր դուր գալիս, ես էլ կուզեի նման քիթ ունենալ, բայց արդեն համակերպվել եմ»,- ասում է Դարիամը:
Նրա խոսքով՝ ռուսներն ասում են՝ հայերը բարի են, իսկ հայերը իրենց խորամանկ են համարում, ու աղջկան դուր է գալիս և՛ բարությունը, և՛ խորամանկությունը: Դարիամին միայն դուր չի գալիս այն, որ հայերը շատ են վերհիշում անցյալը, ապրում դրանով:
«Չեմ հավանում նաև այն, որ բոլորն անընդհատ ինչ-որ հենարանի են սպասում ինչ-որ մեկից, իսկ մնացած ամեն ինչը սիրում եմ՝ խոհանոցը, բնությունը, շփման ձևը, մոտեցումը, ընկերությունը: Ինձ համար յուրահատուկ կերակուր է «Տժվժիկ»-ը, պապս էր պատրաստում. այն, ինչը ես շատ եմ սիրում, պապիկիս հետ է կապված ինչ-որ կերպ»:
Երիտասարդ մոդելը շատ է սիրում ճամփորդել, ծանոթանալ երկրներին և դրանց մշակույթին, սակայն կյանքն ու ապագան միայն Հայաստանում է տեսնում: Ասում է, որ շատ է սիրում Գյումրվա նեղ ու մութ՝ կոլորիտային փողոցները, Սևանա լիճը, Երևանում՝ Պուշկինի փողոցը, Արամ Ասատրյանի ու Թաթա Սիմոնյանի երգերը, «Ladaniva» խմբին ու երազում է ստանալ հայկական անձնագիր:
«Երբ ինձ հարցնում են, թե ինչն է ինձ երջանկացնում, սովորաբար ես արտասվում եմ, բայց այսօր չեմ լացելու (ծիծաղում է): Ինձ երջանկացնում է այն, որ իմ նպատակներն ու մտքերը իրականություն են դառնում, երբ հարազատներս ինձանով հպարտանում են, որովհետև նրանք մտածում են, որ ես խենթ եմ: Ինձ երջանկացնում է, որ հասել եմ իմ ուզածին՝ ապրում եմ Հայաստանում և հուսով եմ, որ պապիկս ևս ինձանով հպարտանում է, ուրախ է, որ ես դա արել եմ, որ կա նպատակ՝ այս երկիրն ավելի լավը, երջանիկ դարձնելու: Հուսով եմ, որ կունենամ հայկական անձնագիր, տուն և լավ ընտանիք այստեղ, գործակալությունս էլ կզարգանա»,- եզրափակում է Դարիամը:
