Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է՝ Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնել Ադրբեջանին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ունեցած ելույթում։
«Խաղաղության մեր օրակարգի առումով մեզ շատ հայհոյում են և բազում ստեր են ասում։ Այդ ստերից ամենաարտահայտիչը, ըստ էության, բոլոր լրատվամիջոցներում և ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսույթից վերջին ամիսներին չիջնող այն արձանագրումն է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի 4 գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Բայց այս խոսույթը որևէ կապ չունի իրականության հետ։
Առիթ ունեցել եմ ասելու, այսօր էլ կասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում երբևէ չեն եղել Կըզըլհաջըլի, Խեյրեմլի, Աշաղի Ասկիպարա, Բաղանիս Այրում անունով գյուղեր։ Ընդ որում, վերջինը որևէ կերպ չի կարելի շփոթել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հետ, որովհետև Տավուշի մարզում Բաղանիս գյուղ կա, որը կա, եղել է և միշտ կլինի Հայաստանի Հանրապետություն»,-ասել է Փաշինյանը։
