«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետաձգելի բուժօգնության նոր ու ընդհարձակ բաժանմունք (տեսանյութ)

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնն առաջիկայում կունենա անհետաձգելի բուժօգնության նոր, ընդհարձակ ու հարմարավետ բաժանմունք: Այժմ շինարարական աշխատանքներ են:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Առաջնային խնդիրը անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի հիմնանորոգումն էր: Լինելու է առանձին մուտք շտապբուժօգնության ծառայությամբ տեղափոխվող ընդունվող և առանձին՝ ամբուլատոր հոսքերով եկող հիվանդների համար»,-ասում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը:

Փոփոխության նպատակը բուժառուների հոսքերի տարանջատումն ու ճիշտ կառավարումն է: Նորոգումից հետո բաժանմունքն ամբողջությամբ կկահավորվի նոր գույքով և վերազինված տեխնիկայով: Վերջին մի քանի ամսում չդարարող աշխատանքի պայմաններում նորոգվել ու վերազինվել է նաև ֆիզիոթերապիայի և վերականգնողական բժշկության բաժանմունքը:

Նորածնային պաթոլոգիայով երեխաներին ևս շուտով կընդունեն նոր պայմաններում: Աշխատանքների մեծ մասն ավարտված է: Նախկին պայմանների մասին հուշում են դեռ չնորոգված վերջին հիվանդասենյակները:

«Շինարարական աշխատանքներն իրականացվել են բուժկենտրոնի առկա խնայողությունների միջոցներով»,- ընդգծում է Զոհրաբյանը:

«Վերջին 2 տարում քաղաքապետարանի ենթակայության բուժկենտրոններում փոխվել է կառավարման համակարգը, և դրա արդյունքում ունենք ոչ միայն հիվանդների թվի աճ, այլև գումարային: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը ՀՀ մանկական ամենամեծ հիվանդանոցներից մեկն է, և հոսքը բավականին մեծ է»,- ասում է քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը:

Բժշկական կենտրոնն այսօր ակտիվորեն ընդունում է նաև արյան դոնորներին: Վերանորոգումից հետո արյան կենտրոնն ընդլայնվել է:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը տարեկան սպասարկում է շուրջ 100.000 քաղաքացու: Ընթացող շինարարությունից հետո կենտրոնը կառաջարկի նոր, առավել բարձրորակ ծառայություններ՝ երեխաների բուժսպասարկման համար:

Կիսվել սոց․ ցանցերում