Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը գործընկերոջ՝ Ալխաս Ղազարյանի հետ աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում:
Այս մասին պատգամավորը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Ոսկեպարում շփվելով տեղացիների հետ՝ քննարկել են նրանց հուզող հարցերը, լսել մտահոգություններն ու ծանոթացել իրավիճակին:
«Դովեղ համայնքում ծանոթացել եմ սուբվենցիոն ծրագրով կառուցվող մոդուլային դպրոցի աշխատանքներին, որտեղ շինարարության ժամկետների ու տեխնիկական այլ խնդիրներ են արձանագրվել: Կառավարությունը դպրոցի կառուցման համար շուրջ 750 միլիոն դրամ է հատկացրել:Նոյեմբերյան և Բագրատաշեն համայնքներում ևս խնդիրներն անմասն չեն: Հիմնականում մատնանշվել են գյուղատնտեսական ոլորտին վերաբերող հարցերը: Ինտենսիվ այգիների, ոռոգման ջրի, ինչպես նաև երիտասարդների զբաղվածության մասին են բարձրաձայնում տավուշցիները:

Հողն այստեղ բերրի է, կլիման՝ անթերի, չեն դժգոհում, միայն թե ուզում են համայնքներն ավելի ծաղկուն տեսնեն: Բագրատաշենում ակտիվ է սուբվենցիոն ծրագրերը: Գյուղամիջյան ճանապարհն այստեղ վերանորոգել է:Ընթացքի փուլում են 140 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն այս տարվա սեպտեմբերին: Երկու տարվա ընթացքում այստեղ նաև 430 երեխայի համար նախատեսված դպրոց կկառուցվի»,- ասված է գրառման մեջ:
