Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։
Հանդիպումից հետո տարածվեց հայտարարություն, որում մասնավորապես ասված էր, որ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները սատարում են Հայաստանի և տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային, ինչպես նաև Բայդենի վարչակազմը Կոնգրեսի հետ նախատեսում է 2023 ֆիսկալ տարում շուրջ 65 միլիոն դոլարի զարգացման աջակցություն տրամադրել Հայաստանին, իսկ Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն հանդես կգա «2024-2027 թվականների համար Հայաստանի դիմակայունության և աճի»՝ 270 միլիոն եվրոյի ծրագրով: Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցություն փոխնախագահ Հայկ Սուքիասյանի հետ։
Հանդիպումից հետո հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներից հնչեցին քննադատություններ, հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ հանդիպման սպասելիքները չափազանցված էին, Հայկ Սուքիասյանն ասաց, թե այդ բոլոր գնահատական տվողներն ի՞նչ էին սպասում, որ մի հատ էլ չափազանցված են։
«Պարզ է, որ դա Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հանդիպում էր, որովհետև մենք էդ օրին հասել ենք, բայց Հայաստանում նույնիսկ նորմալ վերլուծական դաշտը, նորմալ քաղաքական գործիչները դրա շուրջ ստեղծել էին մի ինչ-որ պատկեր, կարծես Հայաստանը դրանից առաջ և դրանից հետո պիտի լինի, կարծես Հայաստանը դրանով Լուսին էր թռչելու, ընդ որում՝ ես առիթ ունեցել եմ ասելու, որ եկեք չափավոր լինենք, որովհետև ես վստահ եմ, որ եթե այն պահանջը, որը դուք դնում եք, էդ օրը չապահովեն, սկսելու եք էլի պետության ներվերն ուտել։ Նույնիսկ նորմալ մարդիկ, որոնք պետություն և անկախություն են ուզում, իրենք էլ էին այսպես վերլուծում»,- ասաց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է Հայաստանում մեր պետության վատթարագույն կյանքի մասին ներկայացուցիչների ձևակերպումներին, որ դե՝ սա չկա, նա չկա, ապա կա այն, ինչ որ մեզ պետք է եղած դրության մեջ, որը որ բավարար է ՀՀ ռազմավարական ընթացքը շարունակելու համար։ Քաղաքագետի խոսքով՝ ապրիլի 5-ը Հայաստանին տվել է ինքնիշխան պետության տեսք, Հայաստանն ազատ, ինքնիշխան պետության տեսք է ստանում իր արտաքին քաղաքականության մեջ, ինչը շատ կարևոր է, բայց մյուս մասի նպատակն է «մխտռել» ամեն ինչ, որտեղ որ ՀՀ-ն ունի հնարավորություն իր ազատությունն ու անկախությունը պահելու. իրենց նպատակը դա է։
«Հիմա սկսել են ավանդական ռուսական ողբը, որ դե՝ 270 միլիոն եվրոն ի՞նչ է որ. իսկ ինչքա՞ն պիտի լինի, սկսենք էդտեղից։ Ինչքան որ տվել են՝ բավարար է։ Ասեմ ավելին, այդ բևեռները Հայաստանի Հանրապետության նկատմամբ ոչ մի պարտավորություն չունեն, պիտի նստեք տնեցիներով, ցեղով, նաև Պուտինով գնաք ռուսական եկեղեցի ու աղոթեք և շնորհակալություն հայտնեք։ Ինչու եմ ասում՝ ռուսական եկեղեցի, որովհետև հայկական եկեղեցին իրենց հարազատ չի։ Իսկ մեզ, որպես պետություն և ժողովուրդ, պետք է, որ մենք շարունակենք մեր ընթացքը, չընկրկենք որևէ կերպ. իհարկե, ես ընկրկելու միտում չեմ տեսնում, բայց հարկ եմ համարում ևս մեկ անգամ ասել, որ չընկրկենք։ Սրանք մեր գործողությունների հաջորդականությունն են, ՀՀ-ն այս օրը հասունացրել է։
Եվ ուզում եմ ասել, որ Հայաստանում այդ ճակատագրապաշտական կոնցեպցիաներն ու վերլուծությունները, որոնք որ կան, բախտի շրջանակներում հարցը քննարկելը, թե իբրև Հայաստանը ոչ մի բան չէր արել, լավ էր փրկեցին մեզ, էս հայկական մազոխիզմը և նսեմությունը պետք է թողնել մի կողմ։ Կա իշխանություն, որը հասունացրել է այս օրը. մենք քայլերի հաջորդականությանը պիտի նայենք։ Հայաստանը Հռոմի ստատուտ է վավերացրել, ԵՄ դիտորդներ են եկել այստեղ, Ֆրանսիայի հետ ռազմական, քաղաքական համագործակցություն կա, Հունաստանի հետ, Հնդկաստանի հետ, և այս քայլերը բերեցին հասցրին այս օրվան»,- ասաց Հայկ Սուքիասյանը։
Վերջինս նշեց, որ հաջորդ քայլը շատ ավելի մեծ է լինելու. «Սա մեր պետության հասունացրած գործընթացն է, լավ է, և մենք պետք է շարունակենք, որ այս պրոցեսները դառնան անդարձ, լավ աշխատենք, մնացածը կտեսնենք»։
Եռակողմ հանդիպումից հետո ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է, որ ակնհայտորեն Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի։ «Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն կարող համեմատվել այն բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի և ԵԱՏՄ ու ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունից»,- նշված է հայտարարության մեջ։
Պատասխանելով ՌԳ ԱԳՆ հայտարարությանը՝ քաղաքագետն ասաց՝ ակնհայտ է, որ ՌԴ-ն ՀՀ-ն լուծարելու ծրագիր ունի, ակնհայտ է, որ Արցախի էթնիկ զտման գլխավոր հովանավորը, օգնողը, աջակցողը Ռուսաստանն է, ակնհայտ է, որ Ռուսաստանը շարունակում է ՀՀ-ի դեմ իր ՀԱՊԿ-ով, ԵԱՏՄ-ով գործակցել թուրքական աշխարհի հետ և ՀՀ-ին թույլ չտալ նվազագույն կյանքի և ապագայի. այ սա ակնհայտ է։
Հայկ Սուքիասյանը նշեց, որ ինչ որ իրենք ասում են, ակնհայտ է իրենց ասածի ճիշտ հակառակը. ՀՀ-ն, հասկանալով, որ Ռուսաստանն ակնհայտորեն իր պետության դեմ է և դաշնակցում է թուրքական աշխարհի հետ՝ Հայաստան պետությունը լուծարելու համար, հայ ժողովրդի արյան հավերժ շահառուն է, հանել է աճուրդի հայկականությունը, հայկական աշխարհը և տեղը բերել է ռուս-թուրքական աշխարհը և վաճառում է մեզ վրա, ելքեր է փնտրում, ուրիշ ոչինչ չի արել։
«Այդ բևեռները հո այստեղ ներկա չեն, մի հատ ԵՄ դիտորների առաքելություն է, ուրիշ բան չկա։ Իսկ ինչ վերաբերում է, թե ՀՀ-ին քիչ են փող տալիս, ինչ են տալիս, դա իրենց գործը չի։ Իրենք մեզ նվազագույն բաներ են տվել, չգիտեմ՝ ինչ են տվել, բայց փոխարենը մեզնից 40 միլիոն անգամ ավելի տարել են, Հայաստանի բոլոր ստրատեգիական ռեսուրսներն իրենց ձեռքում են։ Իսկ մենք պետք է նկատի ունենանք, որ սա շարունակվելու է, ՀՀ-ն ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանը լինի խաղաղ։ Հիմա ՀՀ-ն խաղաղության դարաշրջան, խաղաղության խաչմերուկ թեզիսն է առաջ քաշել, իրենք ասում են՝ պատերազմ է հրահրո՞ւմ։ Դրանք ռուսական կեղծ թեզեր են, որպեսզի Հայաստանին թույլ չտան պոկվել իրենցից, նաև Հայաստանի մարմնում խցկված ռուսական քաղցկեղին բորբոքել, մետաստազներ տալ տարբեր տեղեր, հայրենասերների խմբեր ստեղծել, քշել Ոսկեպարով Կասպից ծով, հավանաբար, որպեսզի Հայաստանը կայունություն չունենա և չկարողանա աշխատել»,- նշեց Հայկ Սուքիասյանը։
Վեջինս, սակայն, կարծում է, որ ՀՀ-ն ճիշտ է աշխատում, մենք գլուխներս «տնկած» գնում ենք դեպի մեր ազատություն և անկախություն, իսկ դա հնարավոր է այն բևեռների հետ, որոնց հետ ՀՀ-ն հիմա աշխատում է. դա ԵՄ-ն է, ԱՄՆ-ն է, Ֆրասիան է, Հունաստանն է, Հնդկաստանն է և այլն։
Խոսելով նաև այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը «վտանգի աղբյուր է, Ադրբեջանը մեկուսացնելու նպատակ ունի», քաղաքագետն ասաց, որ նախ Ալիևն ինքնուրույն է մեկուսացել, Արևմուտքում հանդիպելու տարբեր հնարավորություններ եղան, ինքը չի գնացել։
«Այսինքն՝ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունն իրականացնելու համար Ալիևի բեղերից պիտի բա՞ն հարցնի։ Ինչի ինքն ո՞վ է։ Ես, որպես «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցություն փոխնախագահ, հայտարարում եմ, որ Ալիևի հարաբերությունները Ռուսաստանի հետ Հայաստանը մեկուսացնելուն ուղղված քաղաքականություն է։ Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, մերձեցումը ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի դեմ է և հակաքաղաքակրթական է։ Ալիևի հարաբերությունները Անգլիայի հետ, որ նավթ է վաճառում և չգիտեմ ինչ է անում, դա տարածաշրջանը պայթեցնելուն ուղղված քաղաքականություն է, Ադրբեջանը տարածաշրջանն անկայուն պահելու և տարածաշրջանում խաղաղություն թույլ չտալուն ուղղված հարաբերություններ ունի և՛ Թուրքիայի հետ, և՛ Ռուսաստանի հետ։ Ես պահանջում եմ, որպեսզի Ալիևը, Ադրբեջանը դադարեցնի իր ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ, որովհետև դա տարածաշրջանին վնաս է և ՀՀ-ն մեկուսացնելու համար է»,- նշեց քաղաքագետը։
Լիլիթ Թադևոսյան
