Ամեն առավոտ լրահոսին տագնապով հետեւող ՀՀ քաղաքացու համար ապրիլի 9-ը կարող է ոչ մի խորհրդանշական իմաստ էլ չունենալ, ոչինչ էլ չհիշեցնել: Սակայն մեր ոչ հեռավոր անցյալը մոռացության չմատնած, ժամանակին պատմական կարեւոր իրադարձությունները արձանագրած մամուլը հիշեցնում է, որ հենց այս օրն են տեղի ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի (1998թ.) եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի (2008թ.) երդմնակալության արարողությունները: Լրագրողները, ՀԿ եւ քաղաքական գործիչները, իրավապաշտպանները մեկ անգամ չէ, որ արձանագրել են, թե ինչպիսի կեղծիքներով, բռնություններով, լցոնումներով են անցել ՀՀ նախագահի 1998թ. ընտրությունները, իսկ 2008թ. ընտրություններն, այդ ամենից զատ, ավարտվեցին Մարտի 1-ի ողբերգությամբ:
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երդվեցին փշալարերի եւ ոստիկանական կուռ շարքերի հետեւում, ժողովրդից մեկուսացած: Իսկ Սերժ Սարգսյանի դեմ ընդվզող եւ Երեւանի կենտրոնում նրա հեռացումը պահանջող քաղաքացիները ենթարկվեցին ոստիկանների կողմից դաժան ծեծի ու բռնությունների: Այդ օրը դաժան ծեծի ենթարկվեց նաեւ «Ղարաբաղ » կոմիտեի անդամ լուսահոգի Սամսոն Ղազարյանը: Սարգսյանի երդմնակալությանը մասնակցում էին միայն իշխանական կոալիցիայի կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիր »-ը եւ «Բարգավաճ Հայաստան »-ը: Ընդդիմադիր ուժերից մասնակցում էր միայն «Ժառանգություն » կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ նրա կուսակիցները շարունակում էին պայքարել տուժած քաղաքացիների իրավունքների համար:
Գուցե այս ամենը կարող է ժամանակավրեպ թվալ ներկա իրողությունների ֆոնին, երբ Հայաստանն այսօր կանգնած է էքզիստենցիալ խնդիրների առջեւ: Սակայն տասնամյակների կեղծիքներն ու բռնությունները մեր երկիրը հասցրեցին ներկա հանգրվանին, իսկ վերոհիշյալ քաղաքական ուժերն էլ շարունակում են երեսպաշտորեն կուրծք ծեծել, հայրենասիրական գրառումներ անել, բոցաշունչ ելույթներ ունենալ տարբեր հարթակներում` առանց դույզն-ինչ ապաշխարանքի:
Թագուհի Հակոբյան
