Օգոստոսի 29․ Օրվա խոսք` «Օրհնյա՜լ լինի տերը,որ հանգստություն է տալու իրեն հավատացող Հայ ժողովրդին»:

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8: 37 Երբ երկրում սով լինի, ժանտախտ լինի կամ խորշակահարություն, դալուկ լինի, մորեխ, թրթուր, կամ թշնամիները նեղեն նրանց իրենց քաղաքներում, կամ որևէ այլ հարված լինի կամ հիվանդություն, 38 և երբ Իսրայելի քո ամբողջ ժողովրդից որևէ մարդ, ով էլ որ լինի, գա աղոթք և աղերսանք մատուցելու, և ամեն մարդ, որ իր սրտի ցավը գիտի, իր ձեռքերը տարածի դեպի այս տունը, 39 այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, ների՛ր ու կատարի՛ր և այդ մարդուն տո՛ւր ըստ իր բոլոր ճանապարհների, քանի որ գիտես նրա սիրտը, որովհետև դո՛ւ միայն գիտես բոլոր մարդկանց որդիների սրտերը, 40 որպեսզի նրանք իրենց կյանքի բոլոր օրերին վախենան քեզնից այն երկրի վրա, որ տվել ես մեր հայրերին։ 41 Նաև եթե օտարականը, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, եթե հեռու երկրից գա քո անվան համար, 42 որովհետև լսելու են քո մեծ անվան մասին, քո հզոր ձեռքի և տարածած բազկի մասին, եթե նա գա և աղոթք անի այս տանը, 43 այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, և ըստ այդ օտարականի աղոթքի արա՛ այն ամենը, ինչ խնդրել է քեզնից, որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան քո անունը, քեզնից վախենան Իսրայելի քո ժողովրդի պես և իմանան, որ քո անունն է դրվել այս տան վրա, որը ես շինեցի։ 44 Երբ քո ժողովուրդը պատերազմի գնա իր թշնամու դեմ այն ճանապարհով, որով դու կուղարկես նրանց, և երբ նրանք աղոթք անեն Տիրոջը քո ընտրած քաղաքի ճանապարհին և քո անվան համար իմ շինած այս տանը, 45 այն ժամանակ լսի՛ր երկնքում նրանց աղոթքը և նրանց աղերսանքը և իրավո՛ւնք տուր նրանց։ 46 Երբ մեղանչեն քո դեմ, որովհետև չկա մի մարդ, որ չմեղանչի, և դու նրանց վրա բարկանաս ու նրանց մատնես թշնամու ձեռքը, և գերեվարողները նրանց գերի տանեն թշնամու հեռու կամ մոտիկ երկիրը, 47 և եթե այն երկրում, ուր գերի են տարվել, զղջան իրենց սրտով, դառնան դեպի քեզ և աղերսեն այն երկրում, ուր գերության են տարվել և ասեն. Մեղք գործեցինք, անօրենություն և անիրավություն արեցինք, 48 և երբ իրենց թշնամիների երկրում, ուր գերի են տարել նրանց, իրենց ամբողջ սրտով և իրենց ամբողջ հոգով դառնան դեպի քեզ և քեզ աղոթք անեն այն երկրի ճանապարհին, որը դու նրանց հայրերին տվեցիր, դառնան դեպի այն քաղաքը, որը դու հավանեցիր, և դեպի այս տունը, որը ես շինեցի քո անվան համար, 49 այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, նրանց աղոթքը և աղերսանքը և նրանց իրավունքը կատարի՛ր։ 50 Եվ ների՛ր քո դեմ մեղանչած քո ժողովրդին և քո դեմ արած նրանց հանցանքները և արա՛ այնպես, որ նրանց գերեվարողները գթան նրանց և ողորմած լինեն նրանց նկատմամբ։ 51 Որովհետև նրանք քո ժողովուրդն են և քո ժառանգությունը։

Կիսվել սոց․ ցանցերում