«Մեր իրավապահ մարմինները այդ հրապարակման հետ կապված քննություն են անում: ՀՀ-ում ամեն օր հարյուրավոր հանցագործություններ են տեղի ունենում, դրանից հետևություն անել՝ ՀՀ-ում մարդը կարո՞ղ է իրեն պաշտպանված զգալ, թե՞ չի կարող: Այդ հարցի պատասխանը միջազգային ռեյտինգներն են տալիս. ՀՀ-ն աշխարհի ամենապաշտպանված երկրներից է»:
Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանի այն հարցին, թե տեղեկություններ կան այն մասին, որ Գյումրիում ՌԴ ռազմական ոստիկանության կողմից ՌԴ քաղաքացի է առևանգվել և ապօրինի պահվում է 102-րդ ռազմաբազայի տարածքում, արդյոք սա չի՞ նշանակում, որ ՀՀ-ում որևէ մեկը չի կարող իրեն անվտանգ զգալ, կամ իրավական համակարգը թերացել է:
«Ասենք՝ ավազակային հարձակում է լինում, առևանգում է լինում, գողություն է լինում, ավազակային հարձակում է լինում, եկեք ամեն օր առավոտ վեր կենանք ու սկսենք ծնկներիս տալ, ասենք՝ վա՜յ, էս ինչ եղավ, բա ո՞նց ենք տնից դուրս գալու:
Մի մարդու հետ կապված դեպք է եղել, վե՞րջ, քանդվեց պրծավ ամեն ինչ, Հայաստանում էլ իրավապահ համակարգ չկա, ոչ ոք էլ տնից դուրս չգա այսօր իրիկուն, չագուճները ձեռներիս ման գանք:
Հայաստանը ոչ միայն ունիկալ չի, այլև քրեածին իրավիճակի առումով աշխարհի առաջատար երկրներից է՝ 7-րդ տեղն ենք: Այսինքն՝ ՀԿ-ն ասաց մարդ են առևանգել, բոլորս փախչում ենք՝ ով որ դռնով կարող է: Հիմա, ասենք, կվերցնեն, սոցիալական ցանցերում ադրբեջանցիները կտարածեն, կասեն՝ տուրիստներ, հանկարծ Հայաստան չգնաք, ընդեղ հենց տնից դուրս ես գալիս, առևանգում են»,- ասաց վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
