«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի համոզմամբ՝ շուրջ 15 ժամ «Տելեգրամ» ալիքներով տարածվող լուրը, թե Երևանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում, Ռուսաստանի Դաշնության կազմակերպած տեղեկատվական գրոհներից էր Հայաստանի դեմ, որի միակ նպատակը կրկին խուճապ ու անկայունություն առաջացնելն էր:
Վերջինս նկատում է՝ այստեղ խորհրդանշական է տեղեկատվությունը տարածած ալիքի՝ «Армения Конец» անվանումը։
«Միանշանակ պետք է հասկանալ, թե ում էր այս իրավիճակը ձեռնտու, բնական է՝ Մոզամբիկը չէր ուզի։ Հայաստանի ապակայունացումը առաջին հերթին ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին, սակայն այն հիմա առաջին պլանում է ՌԴ-ի և նրա ներկայացուցիչների՝ Հայաստանում գործող 5-րդ շարասյան համար։ Անունն էլ է ընդգծում, որ Հայաստանի վերջն են ցանկանում։ Ես ենթադրում եմ, որ դա անգամ Ռուսաստանում չի ստեղծվել, այլ մեզ մոտ առկա «ռսախոս» հատվածի կողմից, որ մեր ժողովրդից չէ։ Այսինքն՝ այնպես է ստացվել, որ մեր հասարակության մեջ կա մի հատված, որը ռուս է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Վերջինիս խոսքով՝ դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի առնչությամբ ՀՀ ազգային անվտանգության տարածած հաղորդագրության մեջ այս դեպքը որպես համակարգված տեղեկատվական ահաբեկում որակելը բացարձակ ճշմարտություն է, իսկ դպրոցների թիրախավորումը մի բացատրություն ունի․ «Այդ ահաբեկումները սկսվեցին նախ միջանցքի վերաբերյալ լուրերով, հետո շարունակվեցին անկլավներով, հիմա ասում են՝ Հայաստանը գյուղեր է հանձնում ու ընտրեցին այս ճանապարհը․ դպրոցների ահաբեկչության լուրը հասարակությանը պահում է անհանգիստ վիճակում, մտահոգում։ Ծնողները ասում են՝ «այս ի՞նչ իշխանություն է, վախենում ես երեխայիդ դպրոց տանես», ու սկսվում է, նրանց պատկերացմամբ, անկայուն վիճակ, որ մարդիկ ասեն՝ եկեք հանձնվենք Ռուսաստանին, պրծնենք էս վիճակից»։
Քաղաքագետը նկատում է՝ այժմ Հայաստանը ընթանում է ազատության ու անկախության ուղով, ինչն էլ Ռուսաստանի մոտ «խանդ» է առաջացնում, ուստի Դաշնությունը փորձում է պարբերաբար տեռորի ենթարկել ՀՀ-ին:
«Իշխանության լեգիտիմության կարևոր ցուցանիշը կայունությունն է, եթե անկայուն իրավիճակ եղավ, այն անկում է ապրում։ Ինչքան կայուն իրավիճակ երկրում, այդքան իշխանության հեղինակությունը բարձր է։ Բայց, իհարկե, Ռուսաստանին այդ կայունությունը քանդելու համար միացել է Հայաստանում գործող մի քանի օջախ: Օրինակ՝ Տավուշում Նապոլեոն կա, իր կողքին Մակեդոնացին է նստած, որ իբր գնացել են այնտեղ՝ Տավուշը պաշտպանելու, հետո Հրանտ Բագրատունին է (նկատի ունի Բագրատյանին) հայ ժողովրդին բացատրում, թե ոնց տապալես սեփական պետությունդ։ 5-րդ շարասյունն էլ միացել է այս տեղեկատվական հոգեբանական գրոհներին»,- ասում է նա:
Միաժամանակ Սուքիասյանը չի բացառում, որ նմանատիպ կեղծ հայտարարությունները գուցե մի օր իրականություն դառնան։ Այստեղ նա կարևորում է իշխանության կողմից անհրաժեշտ քայլերը, որոնք կօգնեն խուսափել նման լայնամասշտաբ աղետներից․ «Ճիշտ է, դեռ չենք սովորել լավ աշխատել նման ճնշումների դեպքում, հայկական «հորանջով» էլ հարց չի լուծվի, իշխանությունը պետք է հստակ քայլերի գնա»։
Մերի Խաչատրյան
