Ապրիլի 5-ը շրջադարձային էր թվում եւ որոշակի սպասումներ էր արթնացրել հասարակական-քաղաքական որոշակի շրջանակներում, որոնք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումից Եվրոպային մերձենալու շոշափելի ակնկալիքներ ունեին: ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն ողջունեցին Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ԵՄ-ն հայտարարեց, որ Հայաստանին առաջիկա չորս տարիների համար կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ:
Անցած օրերին հնչեցին մտավախություններ, որ ՀՀ-ի` Եվրոպային մերձենալու քայլերը կարող են բացասական հետեւանքներ ունենալ, քանի որ Ռուսաստանը հերթական անգամ կարող է այդ առիթն օգտագործել մեզ պատժելու համար:
Որքանո?վ են տեղին այդ մտահոգությունները:
Միջազգային հարաբերությունների մասնագետ, Անվտանգության հարցերով վերլուծությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանը Lragrogh.com-ի այս դիտարկմանն արձագանքեց. «Ես այս պահի դրությամբ չեմ տեսնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որեւէ որոշում, որը կհակասի տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության ռազմավարական շահերին: Հետեւաբար` Հայաստանի հետագա արհավիրքները կախված չեն լինի ՌԴ-ի նկատմամբ Փաշինյանի իրականացրած քաղաքականությունից եւ այդ քաղաքականությունից բխող պուտինյան վարչակազմի հնարավոր հակագործողություններից: ՌԴ-ի գործողությունները, որոնք կարող են մեկնաբանվել որպես Հայաստանի շահերի դեմ գործողություններ, բխում են այդ երկրի` տարածաշրջանում շահերի եւ քաղաքականության տրամաբանության փոփոխությունից, ինչը ենթադրում է սերտ համագործակցություն, գերակայության ապահովում` Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի հետ միասին ընդդեմ արեւմտյան ազդեցության, ինչն այս պահին դեռ մեծ չէ: Հայաստանի Հանրապետությունն այս պահին դեռ այն վիճակում չէ, որ կարողանա զգալի ազդեցություն ունենալ Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության եւ դրանից բխող իրողությունների վրա: Հայաստանը դուրս չի եկել ռուսակենտրոն ինտեգրացիոն որեւէ կառույցից, մասնակցում է երեք հակաարեւմտյան պլատֆորմի, հայտարարում է, որ կարեւորում է համագործակցությունն ու որեւէ կերպ չի հակադրվելու հարեւանների ռազմավարական շահերին: Այդքանը, կարծում եմ, լիովին բավարար է Կրեմլի համար, իսկ Փաշինյանի վարչակազմի կողմից նեղացած կեցվածք ընդունելը Կրեմլի կողմից ավելի շատ տեխնիկական խնդիր է դիտարկվում, ոչ թե աշխարհաքաղաքական»:
