Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։
Այս հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Օրինական պաշտպանության իրավունքի իրացումը ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հանդեպ»,- գրել է նախարարն «Х»-ի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը հարյուրավոր անօդաչու սարքեր էր արձակել Իսրայելի ուղղությամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ գիշեր: Ապրիլի 13-14-ի գիշերն Իրանն արձակել է 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ հրթիռ (երկիր-երկիր) և 36 թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «օգնել է Իսրայելին ոչնչացնել գրեթե բոլոր անօդաչու սարքերն ու հրթիռները», որոնք եկել են Իրանից։
Եվրամիությունը դատապարտել էր Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Համապատասխան հայտարարությամբ էր հանդես եկել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ այսօր՝ ապրիլի 14-ին, հրավիրում է G7-ի ղեկավարներին՝ «համակարգելու միասնական դիվանագիտական պատասխանը Իրանի լկտի հարձակմանը»:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին էլ հայտնել է, որ Իրանն ավարտել է Իսրայելի դեմ իր գործողությունը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հետագա գործողությունների։
