Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Մեկնաբանության մեջ դնում եմ մի հոդված, որ գրել եմ Նիկոլից առաջ, Սերժի ժամանակ:
2014-2015թթ. ուսումնասիրել եմ երկու գիրք, երկուսն էլ ռուսերենով, երկուսի հեղինակներն էլ՝ ադրբեջանցիներ: Այդ գրքերը իմ խնդրանքով Բաքվից Թբիլիսի էր բերել իմ բրիտանացի գործընկերներից Լորենս Բրոերսը: Երկու գրքերն էլ Հայաստանի մասին են: Այո, չզարմանաք, հարևան հանրապետությունում պատմաբանները, ուսումնասիրողները և պրոպագանդիստները հեզաբար կատարում են Իլհամ Ալիևի՝ տարիներ առաջ Ադրբեջանի ակադեմիային իջեցրած քաղաքական պատվերը, այն է՝ ամեն կերպ ապացուցել, որ հայերը եկվոր են ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլ նաև՝ Արարատյան դաշտում:
Իսրաֆիլ Մամեդովին Երևանում՝ գիտության և կրթության շրջանակներում, հավանաբար հիշողներ կլինեն: Նա Հայաստանից հեռացած վերջին ադրբեջանցիներից է, մինչև 1980-ական թվականների վերջերը եղել է Խորհրդային Հայաստանի կրթության փոխնախարար և միաժամանակ “Սովետ Էրմենիստանի” ադրբեջաներենով թերթի գլխավոր խմբագիր: Հիմա շատերը, հատկապես նոր սերունդը, հավանաբար չգիտի, որ Խորհրդային Հայաստանի ավելի քան 160 հազար ադրբեջանցիները, որոնք ամենամեծ ազգային փոքրամասնությունն էին, հանրապետական “Սովետ Էրմենիստան” օրաթերթից բացի ադրբեջաներենով տեղական թերթեր ունեին 5 շրջաններում նաև:
Ժամանակին Մամեդովը գրում էր հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության մասին: Բաքու տեղափոխվելուց հետո նա գրում է հոդվածներ և գրքեր “ադրբեջանցիների տառապանքների մասին, որ նրանք ենթարկվել են Խորհրդային Հայաստանում”: Գիրքը, որ ես ընթերցեցի, կրում էր “Об истории, исконной земле и горькой судьбе азербайджанцев, изгнанных из нынешней Республики Армения” (“Պատմության, բնիկ հողի և այսօրվա Հայաստանի Հանրապետությունից քշված ադրբեջանցիների դառը ճակատագրի մասին”) խորագիրը:
Գիրքը ծայրից ծայր կեղծիք է: Մամեդովը ոչ միայն գրել է Խորհրդային Հայաստանի ադրբեջանցիների մասին, այլ իր գիրքը սկսել է հնագույն ժամանակներից և Ուրարտուի բնակիչներին համարել թուրքեր և ադրբեջանցիներ: Բնականաբար, ադրբեջանական են որակվել նաև Երևան քաղաքն ու Արարատյան դաշտավայրը, իսկ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը Արևմտյան Ադրբեջանն է: Ուշագրավ է, որ հայերենին քաջատեղյակ Մամեդովը իր գրքում գերազանցապես հղումներ է անում հայ պատմիչներին և հեղինակներին, իսկ ադրբեջանական ամենավաղ շրջանի աղբյուրը, որին նա հղում է անում, Զիա Բունյաթովն է՝ 1960-90-ական թվականների ամենահայտնի ադրբեջանցի կեղծարարը:
Անկասկած, այս որակի գրքերը չեն կարող լուրջ ընդունվել: Սակայն, մյուս կողմից, ավարտելով ընթերցանությունը, ես մտածեցի՝ իսկ ո՞վ է գրելու Խորհրդային Հայաստանի ադրբեջանցիների (Ադրբեջանում նրանց անվանում են еразы, այսինքն՝ Երևանի ադրբեջանցիներ) իրական պատմությունը: Սա շատ կարևոր թեմա է: Եթե որևէ օտար հեղինակ ուսումնասիրի Անդրկովկասի, այդ թվում՝ Հայաստանի ադրբեջանցիների պատմությունը, ապա օգտվելու է նաև Մամեդովի և այլ հեղինակների պրոպագանդիստական գրքերից: Ի՞նչ եք մտածում՝ հայ պատմաբաններ և արևելագետներ, ժամանակը չէ՞ գրելու կարգին հատոր Խորհրդային Հայաստանի ադրբեջանցիների մասին: Առանց կեղծիքների ու պրոպագանդայի: Ես համարում եմ, որ պետք է գրել նաև այն մասին, թե ինչպես Մյասնիկյանը Խորհրդային Հայաստան վերադարձրեց տասնյակ հազարավոր թաթարների, այսինքն՝ ադրբեջանցիների: Պետք է գրել, թե ինչպես Ստալինի հրամանով, բայց կամավոր կերպով, Խորհրդային Հայաստանից Քուռ-Արաքսյան դաշտավայր փոխադրվեցին տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ: Պետք է գրել Խորհրդային Հայաստանից 1988-89 թվականներին ադրբեջանցիների հեռանալու մասին: Կարդացե՛ք, թե ինչեր են գրում ադրբեջանցիները այսօր: Խորհրդային Հայաստանի գոյության 70 տարիներին ադրբեջանցիները եղել են ամենամեծ ազգային փոքրամասնությունը, զբաղեցրել են պաշտոններ, ունեցել են մամուլ, հրատարակել գրքեր, որոնք, ամենայն հավանականությամբ, պահպանվում է մեր գրադարաններում: Եվ ի վերջո, եթե հայ հետազոտողները, պատմաբանները, արևելագետները բաց թողեն պատմության այս շրջանը, որ ի դեպ, մե՛ր պատմության հատվածն է, ապա այն լրացնելու են ադրբեջանցիները իրենց կեղծ, հայատյաց հատորներով:
Երկրորդ գիրքը, որ կարդացի, Ռաֆիկ Սաֆարովի “Изменение этнического состава населения Иреванской губернии в XIX-XX веках” (“Երևանի նահանգի բնակչության ազգային կազմի փոփոխությունը 19-20-րդ դարերում”) հատորն էր: Շապիկին Հին Երևանի պատկերն է, որը հեղինակը համարում է ադրբեջանական քաղաք: Շրջում ես գրքի մյուս երեսը՝ Երևանից ոչ հեռու գտնվող թուրքմենական հայտնի դամբարանն է, որը հեղինակը կրկին համարում է ադրբեջանական: Ազգագրագետ Սաֆարովը ողջ գրքում փորձում է համոզել ընթերցողին, որ Երևանի նահանգը, որը 17-րդ դարում անվանվում էր Չուխուր Սաիդի բեգլարբեգություն, բնիկ ադրբեջանական տարածք է:
Իրականում, 1639 թվականի Քասր-է Շիրինի (Զուհաբի) պայմանագրով Հայաստանը, որ իր պետականությունը կորցրել էր 1045-ին, երկրորդ անգամ բաժանվեց Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի միջև: Ղաջարները իրենց տիրապետության տակ գտնվող հայկական հողերը՝ Արևելյան Հայաստանը, բաժանեցին երկու վարչական միավորների՝ բեգլարբեգությունների՝ Չուխուր Սաիդի (Երևան և Նախիջևան) և Ղարաբաղի (Մեծ և Փոքր Սյունիք, Գանձակ-Գյանջա): Երկու բեգլարբեգություններն էլ ղեկավարում էին Ղաջարի տոհմի խաները, որոնք նստում էին Թավրիզում:
Սաֆարովը իր գրքում օգտվել է բազմաթիվ, այդ թվում՝ հայկական աղբյուրներից: Ի տարբերություն Իսրաֆիլ Մամեդովի, Ռաֆիկ Սաֆարովի հատորը շատ ավելի լուրջ և արժանահավատ կարող է թվալ օտար հետազոտողներին, հատկապես՝ սկսնակներին: Իրականում, գիրքը գրելու ընթացքում Սաֆարովի նպատակը եղել է ոչ թե իրական պատմությունը վեր հանելը, այլ ապացուցելը, որ Երևանի նահանգը բնիկ ադրբեջանական հող է, որը այսօր զրկված է իր “բնիկներից”:
Ես չեմ կարծում, որ Հայաստանում պատմաբաններն ու արևելագետները պետք է հակադարձեն ադրբեջանցի կեղծարարներին և գրեն պրոպագանդիստական, ոչ պատմական, ոչ գիտական, ակադեմիական գրքեր, ինչպես անում են Ադրբեջանում: Այդպիսի գրքեր գրելը շատ ավելի դյուրին է և ոչ ժամանակատար: Ի վերջո, պետք է հասկանալ, որ նման գրքերը չեն կարող պատմական արժեք ունենալ և լուրջ ընկալվել: Սակայն հրամայական է ունենալ օտար լեզուներով լուրջ, պատմագիտական հատորներ ինչպես Խորհրդային Հայաստանի ադրբեջանցիների, այնպես էլ մոնղոլ-թաթարական, թուրքական, թուրքմենական, պարսիկ և քուրդ շերտի մասին, որոնք Բագրատունյաց անկումից հետո հարյուրամյակներ ասպատակել և հաստատվել են ինչպես պատմական Հայաստանի, այնպես էլ այն հայկական տարածքների վրա, որն այսօր կոչվում է Հայաստանի Հանրապետություն:
Թ. Հ.
Դովեղ, 17 ապրիլի, 2024թ
