Տուժողն էլի լինելու է փոքր ու միջին բիզնեսը

Այսօրվա  նիստում  կառավարությունը հավանություն է տվել  «ՀՀ հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կարճ երկխոսության ընթացքում փորձում են «հիմնավորել», թե ինչու պետք է շրջանառության հարկը դուրս գա եւ գործի մեկ միասնական հարկային համակարգ։

Հիշեցնենք, որ, ըստ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի, շրջանառության հարկը օրենքով սահմանված կարգով, չափերով ու ժամկետներում առեւտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից իրականացվող գործունեության համար պետական բյուջե վճարվող՝ ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) եւ (կամ) շահութահարկին փոխարինող հարկ է։

««Շրջանառության հարկի մասին» օրենքում շրջանառության հարկի այսքան տոկոսը կարող է նվազեցվել փաստաթղթային ձեւակերպումներով, ձեռքբերումների արժեքով, բայց ոչ պակաս մինչեւ նվազագույն շեմ։ Բայց  ձեւակերպման հայեցակարգի փիլիսոփայության հետ որ ծանոթանում եմ, ստացվում է, որ չնայած նրան, որ մեր օրենսդրությամբ փաստաթղթավորելը պարտադիր է, բայց մենք ֆոն ենք ստեղծել, որ այսքանը կարելի է փաստաթղթավորել, մնացածը՝ ոչ»,- ասաց Փաշինյանը։

Ռուստամ Բադասյանն էլ նշեց, որ խնդիրը լուծվել է, մինչեւ հունվարի 1-ը անցումային  ժամանակահատված են տվել հարկ վճարողներին, որ իրենք սովորեն փաստաթղթեր ձեռք բերել։

«Եթե դրանից հետո մտնենք որեւէ տեղ, չափագրենք եւ չափագրման պակասորդ լինի, արդեն քսան տոկոսի չափով հարկ կվճարեն»,- նշեց Բադասյանը։

Փաշինյանն էլ նկատեց, որ արդեն քսան տարի գոյություն ունի հակապետական հարկային համակարգ։ Շրջանառության հարկը, ըստ նրա, առաջիկա տարիներին, քայլ առ քայլ պետք է դուրս գա, պետք է լինի մեկ հարկային համակարգ, եւ բոլորը պետք է աշխատեն այդ հարկային համակարգով, իսկ եթե օգնել է պետք, ապա կօգնեն սուբսիդիաներով։

Նախկին իշխանությունների օրոք մշտապես բողոքներ էին հնչում, որ փոքր բիզնեսը մշտապես տուժում է հարկերի պատճառով, մեր շատ քաղաքացիներ այդ պատճառով են խուսափում բիզնես գործունեություն ծավալել եւ նախընտրում են մեկնել արտագնա աշխատանքի։

Ժողովրդահաճո խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ինչո՞ւ են փորձում նույն խոչընդոտները ստեղծել իրենց վստահության քվեն երկու անգամ տված ՀՀ քաղաքացիների համար, որոնք հատկապես 2020թ․ պատերազմից հետո բախվում են բազմաթիվ խնդիրների։ Ինչպե՞ս են կարողանալու սուբսիդիաներով օգնել ձեռներեցներին, որպեսզի փոքր եւ միջին  բիզնեսը չտուժի, օգնելու համար ի՞նչ չափանիշներ են ընտրելու։

Կիսվել սոց․ ցանցերում