Ավելի քան 600 բեռնատար մայիսի 8-ի դրությամբ հերթում կանգնած սպասում է ռուսական կողմից ռուս-վրացական սահմանը հատելու համար:
Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել են ՌԴ ներքին գործերի նախարարության Հյուսիսային Օսիայի վարչության մամուլի ծառայությունից:
«Ավտոկայանատեղիում գտնվում է 260 միավոր ծանր բեռնատար, ճանապարհին՝ 355 բեռնատար, որոնք սպասում են «Վերին Լարս» հսկիչ անցակետով Վրաստանի կողմ անցնելուն»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ սահմանին մարդատար ավտոմեքենաների հերթեր չեն գրանցվել:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչության տվյալներով՝ ռազմավարական ճանապարհով բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը մայիսի 6-ի՝ ՀՀ ժամանակով 23:50-ից ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանի տարածքում անբարենպաստ եղանակի պատճառով:
Հիշեցնենք՝ ճանապարհը ներկայումս միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։
