Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ: Վարչապետը կանգառներ է ունեցել այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ կառուցված մարզադահլիճներում արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ, ինչպես նաև եղել այլ բնակավայրերում՝ ծանոթացել նոր օբյեկտների կառուցման աշխատանքներին:

Նախորդ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել էր վերացնել թերությունները և աշխատանքներն իրականացնել սահմանված չափորոշիչներին համապատասխան:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Էջմիածին քաղաքի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների սրահ: 2022 թ. ապրիլի 27-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը 296.4 մլն դրամ է։

Կառավարության ղեկավարն այցելել է Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճ: 2022 թ. ապրիլի 25-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 203 մլն դրամ է։

Ջրառատում վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը: Մարզադպրոցն ունի 8 հիմնական և 5 երկրորդական հարթակ։ 2021 թ. մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 581.6 մլն դրամ:

Կիսվել սոց․ ցանցերում