Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են Հայաստանի կողմից հետախուզվող Տիգրան Ուրիխանյանին։ Հայաստանի ՆԳՆ լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցել են, որ ձերբակալման մասին իրենց ռուսական կողմն է տեղեկացրել։
Ուրիխանյանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար:
Նա հետախուզվող նախկին ոստիկան, «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի թիմի կազմում 2023-ի սեպտեմբերին ընտրվել էր Երևանի ավագանու անդամ, բայց հետո հրաժարվել մանդատից։
Ուրիխանյանը 2012-17 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր և ընտրվել Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակով։ 2017-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում ԱԺ պատգամավոր է ընտրվել Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով։ 2020թ. փետրվարի 2-ին դուրս է եկել Բարգավաճ Հայաստան կուսակցությունից։
Տիգրան Ուրիխանյանը Ալյանս կուսակցության նախագահն է։
ԼՐԱՑՈՒՄ
Լուրի հրապարակումից հետո Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է արել, որ իրեն բաց են թողել։
« Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի։ Այո, հայաստանյան իշխանության պատվերով աշնանը իմ նկատմամբ կարվել էր քրեական գործ հակաիշխանական կոչեր անելու համար։ Հայտարարվել էր հետախուզում, ՀՀ իրավապահները դիմել են ՌԴ իրավապահներին և, միջպետական համաձայնագրի շրջանակներում, ՌԴ֊ում հայտարարվել է դաշնային հետախուզում, որի շրջանակներում իմ նկատմամբ գործողություն իրականացվեց։ Զարմանալին այն է, որ ինձ արտահանձնելու համար պահանջվող նութերը ՀՀ իրավապահների կողմից նախ չտրամադրվեցին ՌԴ իրավապահներին, այնուհետև հարցմանն ի պատասխան ՀՀ֊ից պաշտոնապես խնդրեցին միջոցներ չձեռնարկել և չարտահանձնել, որի հիմքով և ազատ արձակվեցի»,- գրել է նա։
https://www.facebook.com/photo.php?fbid=978884436942150&set=a.419088122921787&type=3&ref=embed_post
